Մատչելիության հղումներ

Միխեիլ Սաակաշվիլին Օդեսայում հերթական սեփականաշնորհված լողափն է ազատագրել


Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ
Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ

«Ուկրաինայում բավական է նախարար դառնաս, և անմիջապես կարող ես քեզ նման շքեղություն թույլ տալ՝ սեփականաշնորհել մի ամբողջ ծովափ և տիրանալ նման ունեցվածքի», - հեգնել է Օդեսայի նահանգապետը։

Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին լծվել է հերթական սեփականաշնորհված լողափն ազատագրելու գործին. նա այժմ էլ պատերազմ է հայտարարել Ուկրաինայի բնապահպանության և բնական պաշարների նախկին նախարար Նիկոլայ Զլոչևսկիին։

Սաակաշվիլիի խոսքով, նախկին պաշտոնյայի կողմից սեփականաշնորհված տարածքը, որտեղ էլ կառուցված է նրա շքեղ առանձնատունը, ընդունված էր ներկայացնել որպես լաբորատորիայի տարածք։

«Գիտական լաբորատորիա, որը զարդարված էր ոսկե ձկներով ու շքեղ քանդակներով», - ֆեյսբուքյան իր էջում հեգնել է Օդեսայի նահանգապետը։

«Եթե մենք ունենայինք դատախազություն, ապա այդ լաբորատորիայի սեփականատերը վաղուց նստած կլիներ շատ ավելի համեստ սենյակում», - հայտարարել է Սաակաշվիլին՝ հավելելով. - «Ես դեռ մեկ ամիս առաջ էի պաշտոնական նամակ ուղարկել համապատասխան մարմիններին՝ պահանջելով բացել լողափ տանող մուտքը։ Մեզ ծաղրեցին այնքան ժամանակ, մինչև մեր կամավորականները համապատասխան տեխնիկայով չբացեցին այդ տարածքը»։

Տեսախցիկների ուշադրությունը հրավիրելով նախկին նախարարին պատկանող շքեղ առանձնատան վրա՝ Ուկրաինայում պաշտոնավարող Վրաստանի նախկին ղեկավարը շարունակել է հեգնել. - «Ուկրաինայում բավական է նախարար դառնաս, և անմիջապես կարող ես քեզ նման շքեղություն թույլ տալ՝ սեփականաշնորհել մի ամբողջ ծովափ և տիրանալ նման ունեցվածքի։ Իսկ մյուսները թող նախանձելով կողքով անցնեն»։

Արդեն ազատագրված տարածքում Սաակաշվիլին հայտարարել է, որ առաջիկայում քաղաքապետարանն ինչպես հարկն է մաքրելու է տարածքը, որից հետո այն պատկանելու է բացառապես հանրությանը։

Հիշեցնենք, անցյալ ամիս էլ Օդեսայի նահանգապետը նախկին պատգամավոր Վասիլի Խմելնիցկիից խլեց փակ լողափը։

«Կիևցի միլիարդատերը բետոնե հաստ պատերով փակել էր Օդեսայի բնակիչների ու հյուրերի մուտքը Օդեսայի ամենալավ լողափ: Դրանով չբավարարվելով՝ նա ներսում շներ էր պահում։ Ինչպես պարզել ենք, նա ամիսը մեկ անգամ ուղղաթիռով գալիս էր այստեղ, իսկ հիմնականում հսկա պարիսպներով շրջապատված լողափը դատարկ էր». - այն ժամանակ պատմել էր Սաակաշվիլին։

«Իրականում սա իմ գործը չէ» ,- երկրորդ լողափն ազատագրելիս հայտարարել է Սաակաշվիլին, - «Սա նահանգապետի գործը չէ։ Ես այստեղ եմ որպես հանրության ներկայացուցիչ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG