Մատչելիության հղումներ

Խորհրդարանական ուժերից սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդակցությանը կմասնակցեն ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը։ ՀԱԿ մերժել է հրավերը, «Ժառանգություն»-ն էլ հրավեր չի ստացել։

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօրվանից քաղաքական խոհրդակցությունների երկրորդ փուլն է սկսում սահմանադրական բարեփոխումների շուրջ, որոնց մասնակցելու պատրաստակամություն են հայտնում խորհրդարանական ուժերից «Բարգաված Հայաստան»-ը (ԲՀԿ), ՀՅ Դաշնակցությունն (ՀՅԴ) ու «Օրինաց երկիր»-ը (ՕԵԿ)։ Կուսակցություններից հաստատեցին՝ հրավեր եկել է, և իրենք պատրաստվում են Բաղրամյան 26-ում իրենց առաջարկները ներկայացնել։

«Իհարկե Սահմանադրության շուրջ է, կապված հիմնական են մտահոգությունների հետ, որ մենք ունենք՝ և՛ կայուն մեծամասնության, և՛ ընտրիչների ինստիտուտի և այլ, և այլն։ Բայց եկեք փակագծերը բոլորը չբացենք։ Հենց որ լինի, դուք կիմանաք», - «Ազատության»-ն ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

«Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ փոխանցեց, որ հիմնական հինգ «կոնցեպտուալ առաջարկներ են ներկայացրել։ «Առաջարկներ շատ են եղել, բայց էդ հինգը ներկայացրել ենք, և ևս երեք տասնյակից ավել առաջարկներ, որոնք բխում են այդ հիմնական առաջարկներից։ Հիմա, եթե քննարկվում են մեր առաջարկները, մենք պատրաստ ենք քննարկելու», - ասաց Մարգարյանը։

Մինչդեռ Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), որ հանդիպումների նախորդ փուլում նախագահականից հրավեր չէր ստացել, այս անգամ ստանալով` մերժում է մասնակցել:

Ընդդիմադիր խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կարծիքով, Սերժ Սարգսյանը փոփոխությունների այս գործընթացը սկսել է՝ իր նախագահության երրորդ ժամկետի սահմանադրական արգելքը շրջանցելու նպատակով։

«Ինձ զանգահարել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը՝ Վիգեն Սարգսյանը, և Սերժ Սարգսյանի անունից փոխանցել առաջարկություն, որ չորեքշաբթի, երբ ինքը սկսելու է կոնսուլտացիաների շարքը, սկսել հենց ՀԱԿ-ով։ Ես ասել եմ, որ մենք շատ լավ հասկանում ենք սահմանադրական այս ամբողջ գործընթացի նպատակը, այդ նպատակը մենք համարում ենք անընդունելի և դրա վերաբերյալ մեր դիքորոշումը հայտնել ենք, և վստահ ենք, որ որևէ խոսակցություն իմաստ չունի, քանի որ այդ նպատակը միևնույն է, չի փոխվելու», - ասաց Զուրաբյանը։

«Ժառանգություն»-ը խորհրդարանական միակ ուժն է, որը, «Ազատության» հետ զրույցում երեկ ուշ երեկոյան պնդեց, թե քննարկումներին մասնակցելու հրավեր չի ստացել:

Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, սակայն հրավերի դեպքում մասնկացության հնարավորությունը չբացառեց։ «Եթե լիներ հրավեր, ինձ գրասենյակից տեղյակ կպահեին։ Կմասնակցենք, թե՞՝ ոչ, կքննարկվի վարչության նիստում, եթե հրավերք լինի։ Եթե հրավերք չլինի, ի՞նչ քննարկենք», - ասաց կուսակցության փոխնախագահը։

XS
SM
MD
LG