Մատչելիության հղումներ

Խաղողի բերքն այս տարի առատ է, մշուշոտ է, սակայն, այն իրացնելու հեռանկարը:

Արարատի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ Արայիկ Մաթևոսյանը խաղողի այգուց ստացած եկամտով է պահում բազմազավակ ընտանիքը։ Այս տարի նախորդից երեք անգամ ավելի շատ է բերք ստացել, սակայն, համոզված է` դրանից եկամուտները չեն ավելանալու, քանի որ վերամշակող գործարանները նախորդ տարվանից ավելի ցածր գին են առաջարկում:

«Օր-օրի ամեն ինչ թանկանում է`գյուղացու աշխատանքը` էժանանում: Գերադասում եմ, որ գործարանին չտամ, տամ կովը ուտի, քանց թե տամ գործարանին: Էդքանի օգուտը՝ մինչև Նոր տարին: Նոր տարին անցավ, էթում ենք խանութներում ցուցակով՝ պարտք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մաթևոսյանը:

Գյուղացու խնդիրների մասին գիտեն նաև կառավարությունում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը անցած շաբաթ անձամբ էր փորձում գինի և կոնյակ արտադրողներին համոզել, որ նախատեսածից ավելի շատ մթերեն։

Արարատի մարզում աշխատող գործարարները վարչապետի խնդրանքը կտրուկ չմերժեցին, բայց ընդգծեցին, որ տակառներում դեռ նախորդ տարվանից մնացած մթերք կա, որովհետև ռուսաստանյան տնտեսության անկման պատճառով արտադրության տեմպերը մի քանի անգամ նվազել են

«Ապրանքը եթե արտահանում ենք Ռուսաստան, 30 ռուբլին դարձել ա 65 ռուբլի մեկ դոլարը, ընդհանրապես պայման չկա աշխատելու։ Միլիոնավոր լիտրով գինի կա մառաններում, անցյալ տարի էլ համարյա տեղ չունեինք», - վարչապետի հետ հանդիպմանը ասել էր գործարարներից մեկը։

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը ողջունում է վերամշակող գործարարների հետ բանակցելու` վարչապետի որոշումը, բայց թերահավատ է, որ դա էական արդյունքներ կտա: Ինքը դեռ ամիսներ առաջ էր կանխատեսում այս իրավիճակը և խորհուրդ էր տալիս կառավարությանը հարկային արտոնություններ սահմանել` դժվարին դրության մեջ հայտնված վերամշակող ընկերություններին օգնելու համար։ Առաջարկը, սակայն, այդպես էլ մնաց թղթի վրա․ - «Էկավ սեզոնը՝ գնանք ասենք՝ շատ մթերեք, համոզենք, խնդրենք, անցավ սեզոնը՝ մոռանանք էլի: Հետո մյուս տարի գա էլի նույն բանը ասենք։ Գյուղացին ընդհանրապես չհասկանա ինչ ա կատարվում։ Երբ որ վարկերի տոկոսները բարձրացան կամ դոլարը արժեվորվեց, և դոլարով վերցրած վարկերը դժվարացան մարել, երբ որ մենք ասում էինք, որ արտահանման բնագավառը լուրջ տուժել ա Ռուսաստանի պատճառով, ես փաթեթներ էի ուղարկել կառավարությունը և էդ պրոցեսը դեռ չի ավարտվել, և էդ պրոցեսը պետք ա արագացնել, ավատել, փորձել սուբսիդավորել, կոմպենսացնել կորուստները։ Հենց դրա համար էի ասում, որ կգա ժամանակը, որը հիմա է արդեն և այդ պահածո արտադրողը չի կարողանա լուրջ քանակի մթերում կատարել»։

Ոգելից խմիչքների ու պահածոների սպառման հիմնական շուկան Ռուսաստանն է, սակայն ռուբլու տատանումների պատճառով հայ գործարարները դեռ անարոշության մեջ են: «Հստակ չէ` որքան են արտահանելու տարի, հետևաբար նաև չգիտեն որքան մթերել», - ասում է Մակարյանը։

Նա վստահ է, որ գործարարներին համոզելու փոխարեն կառավարությունը կարող է օգնել, ասենք` խթանել կիսաֆաբրիկատների արտադրությունը, ստեղծել սառնարանային տնտեսություններ՝ արտոնյալ հարկային պայմաններով և աջակցել շուկաներ գտնելու հարցում․ - «Արտահանել երկու ուղղությամբ՝ Եվրոպական միություն, և ԱՊՀ առողջ երկրներ և մուսուլմանական երկրներ։ Մենք մուսուլմանական երկրների պոտենցյալը շատ վատ ենք օգտագործում»։

Մինչ կառավարությունը նոր լուծումներ կգտնի, օրեր անց արդեն գյուղացիները կկանգնեն տոննաներով բերքն իրացնելու խնդրի առաջ։

Այգեստանի գյուղապետ Սոկրատ Հովսեփյանը ևս չգիտի, թե այգու խաղողն ինչ է անելու․ - «Եթե կլինի տեղում կվաճառեմ, եթե չէ, պիտի պահեստավորեմ: Բայց էդ դեպքում արդեն սառնարանի հարցն ա․․․ Կամ էլ պիտի գինի անես, սրան նրան բաժանես, ուրիշ ի՞նչ պիտի անես»։

XS
SM
MD
LG