Թուրքմենստանում «Ազատություն» ռադիոկայանի ձերբակալված թղթակցի մայրն ասել է, որ հուլիսից հետո, երբ իր որդին՝ Սափարմամեդ Նեպեսկուլիևը, ձերբակալվել է, մինչև հիմա նրան չի տեսել։
Ռաիսա Նեպեսկուլիևան երկուշաբթի օրը «Ազատության»-ն ասել է, որ մեկուսարանում մերժում են անգամ սնունդ ընդունել իր որդու համար, մերժում են նաև փաստաբան տրամադրելու խնդրանքը։
«Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայության թղթակից, 35-ամյա Սափարմամեդ Նեպեսկուլիևը հուլիսին մեկնել էր Կասպից ծովի հանգստավայր՝ Ավազա բնակավայրը, հաղորդում պատրաստելու համար։
Հուլիսի 7-ին նա տուն էր զանգել ու ասել, որ վերադառնում է, բայց անհետ կորել էր։ Նրա հարազատները պարզել էին, որ նա գտնվում է Ավազային մոտ գտնվող Ագդաշ բնակավայրի մեկուսարանում։
Մեկուսարանի ղեկավարները Նեպեսկուլիևի հարազատներին ասել են, որ նրան բերման են ենթարկել թմրանյութեր պարունակող հաբերի համար։ Սակայն նրա մայրը և գործընկերները հերքում են այս մեղադրանքները՝ պնդելով, որ թմրանյութերի հետ կապված նա երբեք որևէ խնդիր չի ունեցել։
Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն, այդ թվում՝ ԵԱՀԿ-ն, Թուրքմենստանի իշխանություններին կոչ են արել ազատ արձակել Նեպեսկուլիևին, կամ առնվազն նրան փաստաբան ընտրելու հնարավորություն տալ։
ԱՄՆ-ի պետքարտուղարի Կենտրոնական և Հարավային Ասիայի երկրների հարցերով օգնական Նիշահ Բիսվալն, օգոստոստի կեսերին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության (Radio Azadliq) հետ զրույցում ասել էր, որ ԱՄՆ-ի արձագանքն արդեն փոխանցվել է Թուրքմենստանի իշխանություններին։
«Անկախ մամուլն ուժեղ և կայուն քաղաքացիական հասարակության հիմնական սյուներից մեկն է։ Այս հարցով մենք զբաղվում ենք ոչ միայն Կոնտրոնական Ասիայում, այլև աշխարհի մյուս երկրներում՝ կոչ անելով պաշտպանել մամուլի ազատությունը և ապահովել լրագրողների անվտանգությունը», - ասել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնյան։