Մատչելիության հղումներ

«Ժառանգությունը» Սահմանադրության փոփոխության հետևում տարածքային կորստի վտանգ է տեսնում


Արմեն Մարտիրոսյան, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ

Արմեն Մարտիրոսյան, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ

Հայաստանի տարածքային ամբողջականության մասին դրույթը ընդդիմադիր «Ժառանգությունը» համարում է «ամենավտանգավորը» սահմանադրության նախագծում։

Հայաստանի տարածքային ամբողջականության մասին դրույթը ընդդիմադիր «Ժառանգությունը» համարում է «ամենավտանգավորը» սահմանադրության նախագծում։

Խոսքը 204-րդ հոդվածի մասին է. այն ի սկզբանե վերաբերում էր միայն վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի անդամակցությանը, բայց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հոդվածը խմբագրել և նախագծի վերջնական տարբերակում ամրագրել է. - «Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը վերաբերող հարցը լուծվում է հանրաքվեի միջոցով»։ Ի դեպ՝ նման ձևակերպում առաջին անգամ է տեղ գտնում Մայր օրենքում։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե այդ ձևակերպման հետևում տեսնում է տարածքային ամբողջականության կորստի վտանգ, համոզմունք հայտնելով, որ իշխանությունները հենց այնպես նման կետ չէին մտցնի Սահմանադրության մեջ։

«Ասենք, իբրև թե խաղաղասիրական ինչ-որ մի պլան, որտեղ Հայաստանը իր տարածքներից մի մասը զիջում է, բայց դրա փոխարեն մեծ ներդրումներ է ստանում, գրանտներ է ստանում։ Երկրորդ տարբերակով՝ արդեն իշխանություններին երևի թե ասել են, որ տարածքային կորուստ է ունենալու Հայաստանը, ուստի պատասխանատվությունը փորձելու են գցել ժողովրդի վրա», - պարզաբանեց Մարտիրոսյանը՝ հիշեցնելով. - «Օրինակ՝ որոշ ժամանակ առաջ Գոբլի ծրագիր գոյություն ուներ, չէ՞, Մեղրիի հետ կապված։ Թե ինչպիսի՞ մտահաղացումներ ունեն մեր իշխանությունները, ինչպիսի առաջարկներ են իրենց արվել՝ դա արդեն իրենք գիտեն»։

«Ժառանգության» փոխնախագահի համոզմամբ, եթե նման սպառնալիք առկա է, ապա իշխանությունները պետք է հրաժարական տան. - «Յուրաքանչյուր իշխանություն, որի մտքով անգամ անցնում է նմանատիպ պարբերություն ներառել, ինքը իրավունք չունի իշխանավարել, որովհետև սա իրենց աշխատանքի արդյունքը չէ, որ Հայաստանը այսօր անկախ է։ Սա այն տղաների շնորհքն է, ովքեր իրենց կյանքի գնով, արյան գնով կարողացան և՛ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանել, և՛ ազատագրել Արցախը։ Ուստի նմանատիպ հոդված առաջարկողը, եթե մի փոքր քաղաքական բարոյականություն ունենա, անմիջապես պետք է հրաժարական տա»։

Աղվան Վարդանյան, ՀՅԴ խմբակցության քարտուղար

Աղվան Վարդանյան, ՀՅԴ խմբակցության քարտուղար

Ընդդիմադիր Դաշնակցությունը տարածքային ամբողջականության վերաբերյալ դրույթը ամենևին խնդրահարույց չի համարում և չի կարծում, որ այստեղ որևէ վտանգ կա։ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, այսօր ի պատասխան «Ազատության» հարցի, հայտարարեց, որ նախագծի 204-րդ հոդվածը խմբագրվել է նաև իրենց առաջարկով, որպեսզի և՛ վերպետական կազմակերպություններին միանալու, և՛ տարածքային ամբողջականության հետ կապված ցանկացած խնդիր որոշի ժողովուրդը. - «Իսկ ո՞ւմ թողնեինք։ Վերպետական միջազգային կազմակերպությանը մենք անդամակցել ենք մեկ անձի որոշմամբ։ Այդպե՞ս թողնենք։ Ընդհակառակը։ Եվ դա նաև մեր առաջարկությամբ է ավելացել, որովհետև նույն կերպ, հանկարծ, որևէ մեկի մտքով չանցնի, որ ինքը կարող է տարածքային ամբողջականության որևէ խնդիր լուծել առանց ժողովրդի որոշման»։

Իշխող Հանրապետականը նախագծում նման ամրագրումը համարում է մեկ քայլ առաջ։ Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը «Ազատության» հետ զրույցում ընդգծեց, որ արդեն 10 տարի գործող Սահմանադրության 81-րդ հոդվածը Ազգային Ժողովին է հնարավորություն տալիս փոխել Հայաստանի պետական սահմանները. - «Այստեղ մտահոգվելու որևէ խնդիր չկա, ընդհակառակը՝ պետք է ավելի լավ զգանք մեզ, որովհետև տարածքային ամբողջականության հետ կապված ցանկացած հարց կարող է լուծվել բացառապես հանրաքվեի միջոցով»։

Հովհաննես Սահակյան, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ

Հովհաննես Սահակյան, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ

Սահակյանը «անհեթեթություն» որակեց ընդդիմության մտահոգությունները, թե իշխանությունը տարածքային զիջումների է պատրաստվում, նշելով. - «Եթե իրենց տրամաբանությամբ ելեինք, ապա այդ դրույթը չէինք փոխի և կբերեինք Ազգային ժողով՝ մեծամասնությամբ կանեինք։ Դա անհեթեթություն է։ Ես նույնիսկ չեմ էլ ուզում մեկնաբանել։ Մենք ոչ մտադիր ենք, ոչ էլ պատրաստվում ենք, ոչ էլ ցանկություն ունենք որևէ մի բան զիջելու որևիցե մեկին։ Հայաստանի Հանրապետության տարածքը անձեռնմխելի է»։

Արմեն Մարտիրոսյանը հակադարձում է, որ Ազգային ժողովը չէր կարող նման պատասխանատվության տակ ընկնել, իսկ հիմա փորձ է արվում պատասխանատվությունը գցել ժողովրդի ուսերին։

XS
SM
MD
LG