Մատչելիության հղումներ

Վանաձորի ավագանին այսօր արտահերթ նիստի ընթացքում երկար քննարկումներից հետո կողմ քվեարկեց ուղերձով վարչապետին դիմելու հարցին: Կառավարությունից խնդրում են լուծել «Լոռի Ջրմուղկոյուղու» կատարած աշխատանքների հետևանքով առաջացած խնդիրները:

Քաղաքի ջրամատակարարման համակարգի արդիականացման աշխատանքների ընթացքում ճանապարհների վերանորոգումը իրականացվել է անորակ, բացի այդ վթարների թիվը չի նվազում, դրանց վերացման աշխատանքները որակով և ժամանակին չեն կատարվում: Իսկ վթարների վերացման դեպքում ճանապարհները պատշաճ չեն բարեկարգվում:

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը առաջարկում էր նախքան ուղերձով վարչապետին դիմելը խնդիրը քննարկել բոլոր կողմերի ներկայացուցիչների հետ, փորձել գտնել խնդրի լուծման տարբերակներ: Ավագանու անդամների մեծամասնությունը առարկեց: Կարծում են՝ եթե մինչ օրս որևէ դրական տեղաշարժ չի եղել, ապա քննարկումը ևս արդյունք չի տա:

Վանաձորի տարբեր թաղամասերում բնակվող ավագանու անդամները դժգոհում էին ջրմուղի անփույթ աշխատանքից:

«Շենքի տակը ջուրը լցված է, ոչ մեկը չի գալիս։ Տասն անգամ զանգելուց հետո գալիս են, նայում են, ասում են՝ կմտածենք, կասենք, ու չկա էդ հարցի լուծումը։ Ես չգիտեմ ում դիմենք»։

«Լոռի Ջրմուղկոյուղի» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արթուր Ենոքյանը, ի պատասխան դժգոհությունների, ասաց, թե Վանաձորի ջրամատակարարման ցանցը լավագույնն է տարածաշրջանում: Միևնույն ժամանակ նշեց, թե ջրամատակարարման ցանցը փոխելու ընթացքում անորակ վերանորոգված ճանապարհների համար պատասխանատուն ոչ թե ջրմուղն է, այլ կառավարությունը:

«Հայաստանում նման ցանց չկա, ընդհանրապես Կովկասում չկա։ Ընդհանրապես Վանաձորի ցանցը նույնիսկ Բաթումի ջրամատակարարման ցանցի է լավ։ Իհարկե, կան թերություններ, կա շինարարի թերի աշխատանք, կան բացթողումներ։ Ես առաջարկում եմ՝ նաև էս հարցով դիմեք՝ որպես քաղաքի ղեկավար։ Շինարարական պայմանագրով որակի վերահսկողությունը «Լոռի Ջրմուղկոյուղին» չի իրականացնում։ Կառավարությունը դրա համար ընտրում է խորհրդատու, որն իրականացնում է որակի վերահսկողությունը»,- ասաց Ենոքյանը։

«Լոռեցիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Մենուա Բրուտյանը հանդիպել է քաղաքի տարբեր թաղամասերի բնակիչների հետ, համայնքային հիմնախնդիրները վեր հանելիս գրեթե բոլորը նշել են ջրի խնդիրը՝ օրերով ջուր չեն ունենում:

«Ես վճարում եմ ձեր կողմից իրականացվող ծառայության համար, էդ ջուրը բոլորինն է՝ Աստծո կողմից մեզ տրված։ Սակագինը Ա կետից Բ կետ տեղափոխման ծախսն է։ Ուրեմն բարի եղեք, ինձ դրա դիմաց տրամադրեք որակյալ ծառայություն»,- ասաց Բրուտյանը։

Քաղաքապետն իր հերթին նկատեց, որ համայնքային բյուջեով հնարավոր չէ 70 կմ ճանապարհ վերանորոգել, դրա համար 700-800 միլիոն դրամ է անհրաժեշտ: Բյուջեի գումարները բավականացնում են միայն աղբահանության, լուսավորության, կանաչապատման և ծաղկապատման խնդիրները լուծմանը։

XS
SM
MD
LG