Մատչելիության հղումներ

Արևմուտքը խոսում է Բելառուսի հետ հարաբերությունների բարելավման մասին


Բելառուսի նախագահի կողմից քաղբանտարկյալներին համաներում շնորհելուց հետո Արևմուտքը խոսում է Բելառուսի հետ հարաբերությունների բարելավման մասին։

Հիշեցնենք՝ շաբաթ օրը Ալեքսանդր Լուկաշենկոն «մարդասիրական մղումներից դրդված», որոշել է ներում շնորհել և բանտից ազատ արձակել ընդդիմադիր 6 գործիչների, այդ թվում՝ 2010-ի նախագահական ընտրություններում իր հակառակորդին` Նիկոլայ Ստատկևիչին։

«Այդ վեց քաղբանտարկյալների ազատումը դրական իրադարձություն է բելառուս ժողովրդի համար և կարևոր քայլ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների նորմալացման ճանապարհին», - հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։

Ողջունելով Լուկաշենկոյի որոշումը՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը տարածած հայտարարությամբ ընդգծել է. - «Նա վերջապես ճիշտ ուղու վրա է»։

ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և Եվրահանձնաժողովի եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը համատեղ հայտարարությամբ հույս են հայտնել, որ Լուկաշենկոյի հաջորդ քայլը կլինի վերացնել սահմանափակումները ազատ արձակված գործիչների քաղաքական և հասարակական իրավունքների նկատմամբ։

Իսկ մինչ այդ վերլուծաբանները փորձում են գտնել այս օրերին հնչող թերևս հիմնական հարցի պատասխանը՝ ինչո՞ւ Լուկաշենկոն որոշեց ազատություն շնորհել իր ընդդիմախոսներին հենց հիմա։

Հիշեցնենք՝ հոկտեմբերին Բելառուսում նախատեսված են նախագահական ընտրություններ, որին իր թեկնածությունն է առաջադրել նաև 21 տարի երկիրը ղեկավարող Լուկաշենկոն։

Ինչ վերաբերում է Արևմուտքի հետ հարաբերություններին, ապա դրանք գրեթե խզվել էին դեռ 2011 թվականին: Բելառուսի վերջին նախագահական ընտրություններից հետո իշխանությունները սկսեցին անողոքաբար ճնշել ընդդիմությանը, ինչին Արևմուտքն արձագանքեց պատժամիջոցներով. 243 բելառուսական ղեկավարների մուտքն Արևմուտք արգելվեց: Բացի այդ, 32 ազգային ընկերություններ հայտնվեցին «սև ցուցակում»՝ նրանց էլ արգելվեց առևտրային հարաբերությունների մեջ մտնել Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ։

Ռուսաստանյան տնտեսությունում առկա ճգնաժամի հետևանքով Բելառուսին չէր հաջողվում վարկեր ստանալ Մոսկվայից, իսկ Արևմուտքի սահմանած պատժամիջոցներից ձերբազատվելու համար Մինսկին հիշեցնում էին քաղբանտարկյալների մասին։

«Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության ղեկավար Ալեքսանդր Լուկաշուկի գնահատմամբ՝ Բելառուսի ղեկավարը, ազատ արձակելով քաղբանտարկյալներին, միանգամից մի քանի հարց է լուծել, դրա համար ընտրելով բավական հետաքրքիր ժամանակահատված ռազմավարական առումով թե՛ նախընտրական քարոզարշավի տեսանկյունից, թե՛ աշխարհաքաղաքական առումով:

Ուրբաթ օրը լրանում էր նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցման վերջնաժամկետը. իր ամենալուրջ հակառակորդին համաներում շնորհելով շաբաթ երեկոյան, Լուկաշենկոն, փաստորեն, վերջինիս զրկեց ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։ Իսկ աշխարհաքաղաքական առումով՝ նա նույնպես ոչինչ չի վտանգում, փոխարենը՝ զգալիորեն բարելավում է հարաբերությունները Արևմուտքի հետ։ Ընդ որում, Լուկաշենկոն փողի կարիք ունի՝ Բելառուսը տնտեսական ճգնաժամի մեջ է, ազգային տարադրամը աննախադեպ արժեզրկում է արձանագրել վերջին մեկ տարում։ Այժմ Բելառուսը 3,5 միլիարդ դոլարի կարիք ունի, ինչը Կրեմլը չի տրամադրում։ Եվ որտեղի՞ց է Լուկաշենկոն գտնելու այդ գումարը. իհարկե՝Արևմուտքից, Արժույթի միջազգային հիմնադրամից։ Այնպես որ, Բելառուսի նախագահը կարողացավ քաղբանտարկյալներին բավական թանկ գնով վաճառել։

Բելառուսի ղեկավարի ընդդիմախոսը՝ 5 տարի բանտում անցկացրած Նիկոլայ Ստատկևիչը, «Ազատության» բելառուսական ծառայության հետ զրույցում խոստովանել է՝ իշխանությունները շատ լավ են մտածել ընտրությունների սցենարը։

«Իրականում ես չէի սպասում , որ Լուկաշենկոն նախագահական ընտրություններից առաջ ինձ ազատ կարձակի, բայց երևի նա ցանկացել է անթերի երևալ», - բանտից դուրս գալուց հետո հայտարարել է Ստատկևիչը։

Փորձագետները վերջին շրջանում հաճախ էին անդրադառնում Բելառուս-Արևմուտք դիվանագիտական սիրավեպին։ Եվրոպայի վերջին բռնապետը հետզհետե սկսեց ընդունելի դառնալ այն բանից հետո, երբ նախաձեռնեց Ուկրաինայում կրակի դադարեցման մասին համաձայնագրի ստորագրման գործընթացը։ Այս իրադարձությունը հնարավորություններ ստեղծեց Բելառուսի տարիներ շարունակվող դիվանագիտական մեկուսացումը թուլացնելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG