Մատչելիության հղումներ

Խորհրդարանական ընդդիմությունից միայն Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսն է պնդում, որ անգամ հրավերի դեպքում չի մասնակցելու այս շաբաթ նախագահականում նախատեսված խորհրդակցություններին:

Սահմանադրական փոփոխությունների շուրջ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների առաջին փուլում անգամ իր որոշ կուսակիցների համար անակնկալ կերպով Բաղրամյան 26 գնացած Արմեն Մարտիրոսյանն այս անգամ ասում է՝ անիմաստ է նախագահի հետ նորից խորհրդակցելը: Միաժամանակ «Ժառանգության» փոխնախագահն ընդգծում է՝ հրավեր չլինելու պատճառով կուսակցությունում հարցը դեռ չեն քննարկել։

«Անձամբ իմ կարծիքով՝ ես այլևս նպատակահարմար չեմ գտնում նման հանդիպման մասնակցելու, որովհետև մեկ անգամ մասնակցել ենք և մեր առաջարկները չեն ընդունվել։ Եթե մեր առաջարկները չեն ընդունվել, երկրորդ անգամ հանդիպման իմաստը ո՞րն է։ Համենայնդեպս, եթե հանդիպման առաջարկ լինի, արդեն վարչությունը կորոշի»,- փոխանցեց Մարտիրոսյանը։

Եռյակում «Ժառանգության» և Կոնգրեսի երբեմնի դաշնակից «Բարգավաճ Հայաստանը», որ մերժում էր նույնիսկ քննարկել բարեփոխումների նախագծի բովանդակությունը՝ անվանելով այն Հանրապետական կուսակցության իշխանությունը հավերժացնող փաստաթուղթ, Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո հայտարարում է, թե իրավիճակ է փոխվել: Միքայել Մելքումյանի փոխանցմամբ, այս անգամ էլ են գնալու նախագահի նստավայր։

«Մենք կարծում ենք, որ հանրապետության նախագահի ինստիտուտը պետք է անպայման հարգել։ Եթե կա հրավեր, մենք պետք է անպայման մասնակցենք, որովհետև Սահմանադրությունը այն հիմնարար փաստաթուղթն է, որը վերաբերում է մեր ողջ ժողովրդի և պետության ճակատագրին»,- ասաց ԲՀԿ պատգամավորը։

Սերժ Սարգսյանի հետ հանդիպման է գնալու նաև Դաշնակցությունը: Նախորդ շաբաթ ներկայացված փաստաթուղթը, ինչպես այսօր հայտարարեց Աղվան Վարդանյանը, ՀՅԴ-ն համարում է իր հաղթանակը։

«Սահմանադրության այս նախագիծը 90-95 տոկոսով համապատասխանում է մեր պատկերացումներին։ Մենք կարող ենք հայտարարել, որ իբրև քաղաքական մտածողություն, իբրև քաղաքական ուժ, որը իր պատկերացումներն ունի երկրի ապագայի հանդեպ, մեր տեսակետները, մեր մոտեցումները հաղթանակել են՝ չունենալով իշխանություն, չլինելով իշխանության մեջ, պառլամենտում ունենալով ընդամենը հինգ պատգամավոր։ Այսօր երկիրը այս Սահմանադրությամբ գնալու է այն ուղղությամբ, որը մենք գծել էին, որը մենք պատկերացնում ենք։ Որևէ քաղաքական ուժի համար, ես կարծում եմ, ավելի մեծ հաղթանակ դժվար է պատկերացնել»,- ասաց Վարդանյանը։

Այս շաբաթ սպասվող քաղաքական խորհրդակցությունների մասին հաղորդեց նախագահականը՝ մասնագիտական հանձնաժողովի մշակած փաստաթուղթն ուղարկելով Ազգային ժողով:

ԲՀԿ-ն բացառում է միանալը ընդդիմադիրների խոստացած «Ոչի» շարժմանը՝ այլևս վերացած համարելով վերարտադրության վտանգը։ Նաիրա Զոհրաբյանի գլխավորած կուսակցությունում արդեն հավատում են Սերժ Սարգսյանի հավաստիացումներին։

«Վերարտադրությունը հանված է այն առումով, որ ներկա փուլում շատ պաշտոնապես հայտարարվել է՝ այն վերարտադրության մեխանիզմը, որ ակնկալվում էր, որ հետո պետք է լինի՝ նաև անձնավորված ամենաբարձր քաղաքական մակարդակով, դա գոյություն չունի»,- պնդեց Միքայել Մելքումյանը։

Դաշնակցությունում էլ համոզված են, որ Սերժ Սարգսյանի նախաձեռնած այս փոփոխությունները քննադատողները «նախագահ դառնալու մանկության երազանքից են զրկվել»։ Արմեն Ռուստամյանի հաշվարկներով՝ Սարգսյանի վերարտադրության սցենարը գործնականում հնարավոր չէ։

«Նախ Սերժ Սարգսյանը այս համակարգում պահպանելու է իր իշխանությունը մինչև 2018 թվականը՝ որպես նախագահ։ 2017 թվականին Ազգային ժողովի նախագահն էլ արդեն պետք է ընտրված լինի, վարչապետն էլ պետք է նշանակված լինի և այլն։ Նոր նախագահի խնդիրն է միայն մնում, որը անցումային դրույթներով հստակ սահմանված է։ Էդ նոր նախագահն էլ, եթե տեսնեք նրա լիազորությունները, ըստ էության, անգլիական թագուհու կարգավիճակի նման խորհրդանշական լիազորություններ ունի»,- ասաց Ռուստամյանը։

XS
SM
MD
LG