Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան վերաբացեց իր դեսպանությունը Իրանում


Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդն ու Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը համատեղ ասուլիսի ժամանակ, Թեհրան 23-ը օգոստոսի, 2015թ.

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդն ու Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը համատեղ ասուլիսի ժամանակ, Թեհրան 23-ը օգոստոսի, 2015թ.

Երկու երկրների դեսպանատները փակվել էին 2011 թվականին` Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա կատարված ծայրահեղականների խմբի հարձակումից հետո։

Այսօր Թեհրանում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը հանդիպելու է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ՝ քննարկելու փոխադարձ հետաքրքրություններ ներկայացնող հարցեր։ Այս մասին հաղորդում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Անցած կիրակի՝ օգոստոսի 23-ին, Մեծ Բրիտանիան վերաբացեց իր դեսպանությունը Թեհրանում, իսկ Իրանը՝ իր դեսպանությունը Լոնդոնում։

Երկու երկրների դեսպանատները փակվել էին 2011 թվականին` Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա կատարված ծայրահեղականների խմբի հարձակումից հետո։

Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան շենքի վրա դրոշը բարձրացրեց արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը։

«Այսօրվա արարողությունը նշանավորում է մեկ փուլի ավարտը և նոր փուլի սկիզբ մեր երկու երկրների միջև։ Նոր փուլ, որ, կարծում եմ, խոստանում է ավելի լավը լինել», - ասել է Համոնդը՝ հավելելով, թե ամբողջ աշխարհում երկխոսության պահպանումը, նույնիսկ դժվարին պայմաններում, վճռական նշանակութուն ունի։

Իսկ «Թվիթեր»-ում դեսպանատան վերաբացման մասին Համոնդը գրել է, որ այն կարևոր անկյունաքարային նշանակություն ունի հարաբերությունները բարելավելու համար։

Դեսպանությունը սկզբնական շրջանում գործելու է ժամանակավոր հավատարմատարի մակարդակով, իսկ առաջիկա ամիսներին արդեն դեսպան կնշանակվի։

Դեսպանատան շենքում դեռ մնում են ծայրահեղականների թողած հետքերը. պատերին, դռներին սպառնալից գրառումներ, գրաֆիտներ։ Եղիսաբեթ թագուհու դիմանկարի գրաֆիտիի վերևում դեռ կարդացվում է «մա՛հ Անգլիային» գրառումը։

Ծայրահեղականները դեսպանատան շենքի վրա հարձակվել էին 2011 թվականին, երբ Արևմուտքը խիստ պատժամիջոցներ կիրառեց Իրանի դեմ։ Հարցակումից հետո Մեծ Բրիտանիան փակեց իր դեսպանությունը։

Այս տարվա հուլիսին Իրանի և աշխարհի վեց գերտերությունների միջև ձեռք բերված համաձայնություններից հետո, որը ենթադրում է Իրանի միջուկային ծրագրերի սահմանափակման դիմաց պատժամիջոցների թեթևացում, սկսել են ջերմանալ Իրանի Իսլամական Հանրապետության և Արևմուտքի հարաբերությունները։ Առաջին ազդակներից մեկը Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան վերաբացումն էր։

Կիրակի օրը Թեհրանում կայացել է նաև Մեծ Բրիտանիայի և Իրանի արտաքին գործերի նախարարների մամուլի համատեղ ասուլիսը։ Ասուլիսում Մեծ Բրիտանիայի արտգործնախարարն ասել է. - «Իրանը կա և կլինի ռազմավարական շատ կարևոր երկիր անկայուն տարածաշրջանում»։

Նա նշել է, որ երկու երկրների դեսպանատները կարևոր դեր են խաղում Թեհրանի և Լոնդոնի միջև երկխոսության պահպանման համար։

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել է, թե Թեհրանը և Լոնդոնը տարաձայնությունները պետք է լուծեն փոխգործակցության և փոխըմբռնման հասնելու միջոցով։

Դեսպանատունը վերաբացելուց հետո, նույն օրը Ֆիլիպ Համոնդը հանդիպել է նաև Իրանի կենտրոնական բանկի ղեկավարին։ Այս հանդիպմանը նա ասել է, որ Բրիտանիան ցանկանում է աշխատել Իրանի կենտրոնական բանկի հետ՝ դյուրացնելու բրիտանական բանկերի ֆինանսավորումը առևտրի և ներդրումների բնագավառում։

Նա նշել է, որ Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու դեպքում, բրիտանական կոմերցիոն և արդյունաբերական շրջանները Իրանի բիզնեսում ներգրավելու մեծ ախորժակ ունեն։ Նա ասել է, որ Բրիտանիայի ֆինանսական հաստատությունները ցանկանում են օժանդակել այդ գործունեությանը՝ նշելով, որ դա պետք է կատարվի պատշաճ կարգով։

Իրանի կենտրոնական բանկի ղեկավարն ասել է, որ Իրանը և Բրիտանիան անցյալում լավ հարաբերություններ են ունեցել, և հարաբերությունները պետք է կառուցվեն այդ փորձի վրա։

Ֆիլիպ Համոնդը Մեծ Բրիտանիայի երկրորդ արտգործնախարարն է, ով 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո այցելում է Իրան։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի մակարդակով վերջին այցելությունը Իրան տեղի է ունեցել 2003 թվականին։

XS
SM
MD
LG