Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ում դեռևս քննարկում են կայուն մեծամասնություն ապահովելու վերաբերյալ դրույթը


Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան, արխիվ
Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան, արխիվ

«Տարբեր առաջարկություններ կան։ Կուսակցությունում էլ հստակ չէ, մենք դրել ենք քննարկման։ Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկումներից հետո ավելի կհստակեցվի», - ասաց Բաղդասարյանը։

Հանրապետական խմբակցությունը շուրջ 200 առաջարկություն է ներկայացրել Հայաստանի նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, և Վենետիկի հանձնաժովի հետ հանդիպումից հետո, խմբակցությունը մասնագիտական հանձնաժողովի հետ առանձին պետք է քննարկի այդ առաջարկությունները։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

«Երկրորդ փուլի հետ կապված առաջարկություններ կան հստակեցման համար, ընտրիչների հետ կապված կան առաջարկություններ, նաև կան առաջարկություններ, որ որոշ դրույթներ տեղափոխվեն, օրենքների դաշտ, ոչ թե Սահմանադրությունում ֆիքսվեն։ Օրինակ՝ թեկուզ լիազորությունների հետ կապված՝ որոշ ֆունկցիաների հետ, որ լիազորությունները կարող են սահմանվել օրենքով», - ասաց Բաղդասարյանը։

Ուրբաթ օրը հրապարակված սահմանադրական բարեփոխումների նախագծում կրկին ամրագրվել է խորհրդարանում կայուն մեծամասնություն ապահովելու վերաբերյալ դրույթը, թեև միջազգային փորձագետները խորհուրդ էին տվել նախագծից հանել երկու՝ առավել շատ թվով ձայներ հավաքած կուսակցությունների միջև երկրորդ փուլ անցկացնելու հնարավորությունը:

Նախագահին առընթեր մասնագիտական հանձնաժողովն ընդամենն ամրագրել է, որ կայուն մեծամասնությունը կարող է ձևավորվել ոչ միայն ընտրության առաջին փուլի արդյունքում, այլև Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում: Մինչդեռ Վենետիկի հանձնաժողովը մոտ մեկ ամիս առաջ հրապարակած զեկույցում հստակ ամրագրել էր․ «ընտրված մոդելի շուրջ ոչ միայն պետք է լայն փոխհամաձայնություն լինի քաղաքական ուժերի միջև, այլև ժողովուրդը պետք է վստահի այդ համակարգին և դրա կիրարկմանը»:

«Ազատության» հարցին, թե խմբակցությունը համաձա՞յն է նախագծի՝ խորհրդարանում կայուն մեծամասնություն ապահովելու վերաբերյալ դրույթի հետ, Բաղդասարյանը պատասխանեց. - «Տարբեր առաջարկություններ կան, տարբեր ձևեր կան։ Ընդհանուր առմամբ, երկրորդ փուլը բացառել, եթե կազմվում է առաջին փուլից հետո մեծամասնություն, դա՝ առաջարկություններից մեկն է։ Եթե առաջին փուլն ավարտվեց և կոալիցիա կազմվեց և դարձավ մեծամասնություն, այսինքն՝ երկրորդ փուլ չի կարող լինել, և՛ դա է քննարկման առարկա։ Կուսակցությունում էլ հստակ չէ, մենք դրել ենք քննարկման։ Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկումներից հետո ավելի կհստակեցվի», - ասաց Բաղդարսայանը։

Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավարը հավելեց. - «Կա տարբերակ, ենթադրենք, միայն առաջին տեղը գրաված քաղաքական ուժի շուրջ հավաքվի կոալիցիա, կա այլ առաջարկ, որ առաջին և երկրորդ ուժերի շուրջ հավաքվի կոալիցիան, կա առաջարկություն, որ ընդհանրապես երկրորդ փուլ լինի, անկախ նրանից, թե ինչ կոալիցիա կկազմվի։ Այսինքն՝ տարբեր են քննարկումները, և Վենետիկի հանձնաժողովն էլ է այդ առաջարկություններն իր ուշադրության կենտրոնում պահում, և դրանք կքննարկվեն՝ և՛ քաղաքական ուժերի հետ, և՛ առանձին հանձնաժողովների հետ ֆրակցիաները կքննարկեն»։

Հարցին, թե հավանակա՞ն է, որ երկրորդ փուլն ընդհանրապես հանվի Սահմանադրությունից, Բաղդասարյանը պատասխանեց. - «Ես Իտալիայի օրինակը կարող եմ բերել, որ ամիսը մեկ կառավարություն է փոխվում։ Ի՞նչ է, դուք ուզո՞ւմ եք՝ այս երկրում կայուն մեծամասնություն չլինի՞ ու պառլամենտն աշխատի՞, ո՞նց կարող է աշխատել»։

Անդրադառնալով անվտանգության խնդրին, Բաղդասարյանը նշեց, որ խնդիրը կարգավորված է, և որ «պատերազմական ժամանակաշրջանում գլխավոր գերագույն հրամանատարը վարչապետն է դառնում»։

XS
SM
MD
LG