Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ Անկախությունը նաև պարտականություն է և պատասխանատվություն


«Անկախությունը գին ունի, և մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է այդ գինը վճարել», - Ծաղկաձորում «Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում շաբաթ օրը հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Սիրելի՛ բարեկամներ, 25 տարի առաջ մենք ընդունեցինք Հայաստանի անկախության հռչակագիրը: Եվ այսօր դուք այդ անկախության սերունդն եք: Վստահ եմ, որ դուք ժառանգելով այդ անկախությունը, կարողանալու եք այն փոխանցել հաջորդ սերունդներին», - Նախագահի կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն, ասել է Սերժ Սարգսյանը, - «Եվ որպեսզի դա կարողանաք անել ավելի լավ, քան մենք ձեռք բերեցինք ու հանձնում ենք ձեզ, խնդրում եմ միշտ հիշել, որ անկախությունը միայն երջանկություն չէ, անկախությունը միայն իրավունք չէ, անկախությունը նաև պարտականություն է և պատասխանատվություն»:

«Եթե հանկարծ Հայաստանում սկսեց ձևավորվել այն միտումը, որ անկախությունը լավ բան է, բայց արի ես մի կերպ ճողոպրեմ բանակից, չպաշտպանեմ մեր սահմանը, եթե Հայաստանում սկսեց ձևավորվել այն միտումը, որ անկախությունը շատ լավ բան է, և թող ուրիշները մեզ ձրի գազ տան, էժան գազ տան, իսկ մենք լինենք անկախ, եթե հանկարծ Հայաստանում սկսեց ձևավորվել այն միտումը, որ չնայած նրան, որ ամբողջ աշխարհում կան տնտեսական խնդիրներ, բայց մենք հայ ենք, Հայաստանի քաղաքացի ենք՝ Հայաստանում այդ խնդիրները չպետք է լինեն, ապա հավատացեք, որ մեր անկախությունը, մեր ազատությունը վտանգվելու է», - նշել է Սերժ Սարգսյանը՝ ու հավելել․ - «Եթե մենք ժամանակին կարողանանք տանել դժվարությունները, եթե մենք կարողանանք պաշտպանել ինքներս մեզ՝ մեզ հետ ոչինչ չի պատահի, վստահ եղեք»:

Նշենք, որ շաբաթ օրը նախագահ Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում այցելել է մի շարք երիտասարդական ճամբարներ:

Գեղարքունիքի մարզում Սերժ Սարգսյանը հյուրընկալվել է երիտասարդ ճամբարականներին՝ ԵԿՄ ուսումնամարզական և հանգստի «Երկրապահ» համալիրում և «Միասին-2015» համահայկական երիտասարդական կրթական ֆորումի վրանային ճամբարում: Կոտայքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Ծաղկաձորի մարզաբազայում տեղակայված «Միություն-2015. Հաղթանակի ժառանգորդներ» միջազգային երիտասարդական կազմակերպությունների կրթական ռազմամարզական մրցույթ-հավաքի մասնակիցներին և «Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG