Մատչելիության հղումներ

Երևանի փոխոստիկանապետը հասարակությունից ներողություն խնդրեց


Ոստիկանության շենքի առջև հավաքված մի քանի տասնյակ ակտիվիստներին այսօր հանդիպեցին Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը։

Նրանք փոխանցեցին, որ ոստիկանապետի ցուցումով ծառայողական քննություն է նշանակվել, քաղաքացուն ապտակած ոստիկանի լիազորությունները դադարեցված են, և ոստիկանապետը այս գործի նյութերն ուղարկել է Գլխավոր դատախազություն։

Ակտիվիստները, սակայն, թերահավատ էին, որ երեկվա աղմկահարույց դեպքի պատճառով ոստիկանը համարժեք պատիժ կստանա, հիշեցրեցին նախկին դեպքերը, երբ քաղաքացիների նկատմամբ բռնություններ գործադրած ոստիկաններն անպատիժ են մնացել, ոստիկանության ներկայացուցիչները, սակայն, հավաստիացրեցին, որ ծառայողական քննությունը անաչառ է անցկացվում և որ ավագ լեյտենանտ Ա. Վարդգեսյանը դատապարտելի արարք է թույլ տվել։

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ներողություն խնդրեց հասարակությունից երեկվա միջադեպի համար՝ նշելով, որ լիազորությունները դադարեցրած ոստիկանն այժմ հիվանդանոցում է, երեկվա միջադեպից առաջ վնասվածքներ է կրել և այդ պատճառով չի կարող գալ ակցիայի վայր ու ներողություն խնդրել տարեց ակտիվիստից։

Ակտիվիստները որոշեցին սպասել մինչև ուրբաթ՝ ծառայողական քննության ավարտին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG