Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանները համարժեք պատիժ են պահանջում քաղաքացուն ապտակած ոստիկանի համար


Ոստիկանն ապտակում է տարեց ցուցարարին, Երևան, Հանրապետության հրապարակ, 21-ը օգոստոսի, 2015թ․
Ոստիկանն ապտակում է տարեց ցուցարարին, Երևան, Հանրապետության հրապարակ, 21-ը օգոստոսի, 2015թ․

Վալերի Օսիպյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ ինքը չի տեսել ապտակելու դրվագը, բայց դատապարտում է կատարվածը:

Իրավապաշտպանները պահանջում են քրեական գործ հարուցել նախօրեին Հանրապետության հրապարակում ոստիկանի կողմից քաղաքացու նկատմամբ գործադրված բռնության աղմուկ հանած փաստի առիթով:

«Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության նախօրեին կազմակերպած հանրահավաքի ժամանակ ոստիկանության ավագ լեյտենանտ Ա․ Վարդգեսյանը ապտակել էր հանրահավաքի մասնակիցներից մեկին՝ 67-ամյա Հակոբ Նազարյանին:

Ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ ցուցարարին ապտակած ոստիկանի լիազորությունները դադարեցվել են, փաստի կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն: Ահարոնյանը նաև նշեց, թե քննության արդյունքների մասին կտեղեկացնեն ավելի ուշ։

Տեղում ծառայություն իրականացրած Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց, որ ինքը չի տեսել ապտակելու դրվագը, բայց դատապարտում է կատարվածը։

«Ես այդ ոստիկանի արարքը չեմ արդարացնում, այո, շատ վատ բան է տեղի ունեցել, անկախ նրանից, թե դիմացինն ինչպես է իրեն պահել իրավապահների նկատմամբ, բայց ես պետք է ասեմ, որ իրեն հանել են հունից, բայց ամեն դեպքում չեմ արդարացնում»:

«Դեպքի վայրում կատարված տեսագրություններից նաև երևում է, թե ինչպես է նույն ոստիկանը հարվածում գետնին ընկած մեկ այլ ցուցարարի։ Դատելով այս տեսանյութերից, դատախազությունը պետք է ցուցում տար, որ արդեն քրեական գործ հարուցվեր»,- ասում են «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամներն ու իրավապաշտպանները։

Ակտիվիստ Վահագն Լևոնյանն ընդգծում է՝ ծառայողական քննությունը բավարար չէ։ «Կա տեսանյութ, որ նույն ոստիկանը գետնին պառկած երիտասարդին է ապտակում, չեմ կարող գնահատել նրա ագրեսիան, բայց դա աններելի է ու միայն պաշտոնանկ անելով դա խրատ չի կարող լինել»,-ասում է Լևոնյանը։

Ակտիվիստներն այսօր երեկոյան բողոքի երթ են անցկացնելու Հանրապետության հրապարակ-ոստիկանություն երթուղով և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից պահանջելու են քայլեր ձեռնարկել՝ ուղղված հարկատուների միջոցներով աշխատող ոստիկանին քրեական պատասխանատվության ենթարկելուն:

Չնայած այս պահանջին, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը համոզված է՝ ոստիկանապետն ու գլխավոր դատախազությունն այս անգամ էլ կփորձեն մեղմացնել ոստիկանի արարքը, ինչպես նախորդ բազմաթիվ դեպքերում։

«Որևէ անգամ որևէ դեպքով բացահայտում գոյություն չունի, սա ստեղծում է անպատժելիության մթնոլորտ Հայաստանում»:

Ալեքսանյանի թերահավատությունը բազմաթիվ պատճառներ ունի: Նա մեկ օրինակ է բերում: Մասնավորապես, շաբաթներ առաջ պարզվեց, որ հատուկ քննչական ծառայութունը որոշել է կարճել այն ոստիկանների դեմ հարուցված քրեական գործը, որոնք նախագական նստավայրի մայթից բռնի ուժի գործադրմամբ դիմացի մայթ էին տեղափոխել բանակում որդի կորցրած մայրերին:

«Ոստիկանապետն ու իր ամբողջ կառույցը անգամ հեռվից չեն կարող նայել, թե ինչպես է Ռուբեն Հայրապետյանն իր զորքով բռնություն կիրառում, բայց հասարակ քաղաքացիների՝ ծերունիների, անչափահաս աղջիկների նկատմամբ պատրաստ է բռնի ուժ գործադրել: Ինչո՞վ է զբաղված գլխավոր դատախազությունը, բոլոր դեպքերը կոծկվում են, չնայած ապացույցներին»,-ասում է իրավապաշտպանը:

Ոստիկանի արարքն այսօր խստորեն դատապարտել է նաև մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը։ «Հաշվի առնելով հատկապես իրավապահներից մեկի անընդունելի կոպիտ վարքագիծը և դեպքի հանրային նշանակությունը, սեփական նախաձեռնությամբ վարույթ ենք սկսելու ոստիկանության ծառայողին պատասխանատվության ենթարկելու գործընթացն ուշադրության կենտրոնում պահելու համար»,- իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG