Մատչելիության հղումներ

Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում գյուղապետի 5 անկուսակցական թեկնածու է առաջադրվել


Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում առաջիկա կիրակի թեժ պայքար է սպասվում գյուղապետի թափուր աթոռի համար:

5 թեկնածու է առաջադրվել` 5 էլ անկուսակցական, բայց իրար բարեկամ ու հարազատ:

Գյուղամիջին հավաքված սպանդարյանցիների խոսակցության ու քննարկման թեման էլ է գյուղապետի ընտրությունները:

«Մենք ուզում ենք ընտրվի մի լավ տղա, որ մեզ տեր լինի», - ասում էին նրանք։

Սովորաբար տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նկատմամբ մեծ է լինում Հանրապետական կուսակցության հետաքրքրությունը: Վերջին գրեթե բոլոր ՏԻՄ ընտրություններում շատ համայնքներում անգամ հանրապետականը հանրապետականի դեմ էր պայքարում: Սպանդարյանի գյուղապետի պաշտոնը, սակայն, իշխող Հանրապետական կուսակցությանը չի գրավել:

«Անցավ՝ խաբելը։ Այդքան տարիներ խաբեցին՝ այս կուսակցությանը ձայն տվինք, ձայն տվինք, մի մանեթի գործ գյուղի համար չարին։ Գյուղի տեղն էլ չգիտեն», - ասում էին գյուղացիները։

Շուրջ 1500 բնակիչ ունեցող Սպանդարյանը ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի հայրենի գյուղն է։ Նախկին գյուղապետն էլ վերջինիս ազգականն էր: Մահացած հոր պաշտոնը ստանձնելու ցանկություն է հայտնել որդին` Միքայել Բաղդասարյանը, ով ի դեպ, առաջադրվածների շարքում ամենաերիտասարդ թեկանծուն է:

«Ուզեցի հորս կիսատ թողած գործերն ավարտեմ։ Ինքը վերջին երեք տարիներին հիվանդություն ուներ, գործեր կար, որ չէր կարողանում մինչև վերջ կատարար», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բաղդասարյանը։ Մեկնաբանելով այն փաստը, որ գյուղից 5 թեկնածու է առաջադրվել, ամենաերիտասարդ թեկնածուն ասաց՝ բոլորի հետ մտերիմ է եղել, հիմա էլ է մտերիմ. - «Ընդամենը՝ հակառակորդներ ենք։ Պայքար է սա ընդամենը, ուրիշ ոչ մի բան»։

Գյուղապետարանի քարտուղար Գյուլվարդ Սահակյանը հարևան Մեղրաշեն գյուղից է հարս եկել ու 25 տարի գյուղապետարանում աշխատելուց հետո որոշել է տղամարդկանց հետ պայքարի մեջ մտնել: Ասում է պայքարը լարված է լինելու ու թեժ:

«Եթե լարվածություն չլինի, պայքար չի լինի, ու դա բնական չի երևա։ Իսկ լարվածությունից էլի ուրախանում ենք։ Թող լինի լարվածություն՝ ներքին, ոչ թե, որ իրավապահ մարմիններին գործը հասնի։ Բայց այդ ներքին լարվածությունը ես սիրում եմ։ Հինգ թեկնածու՝ լարվածությունը բնական չէ՞», - ասում էր Սահակյանը։

Հարություն Հարությունյանը միակ թեկնածուն է, ով տպագրել է նախընտրական ծրագիրը: Ասում է՝ գյուղի խնդիրները լուծելու համար է պայքարի մեջ մտել:

«Որոշեցի ինքնառաջադրվել, որովհետև ուզեցի մեր գյուղի համար ինչ-որ բան անել։ Ես ունեմ նախընտրական ծրագիր, այնտեղ նշված են գյուղի բոլոր ցավոտ հարցերը», - նշեց Հարությունյանը։

Մյուս 2 թեկնածուներին գտնել չհաջողվեց: Մեկը կոլխոզի նախկին նախագահն է, մյուս էլ՝ Արթիկի ոստիկանապետի տեղակալի եղբայրը:

Ինչպես ընդունված է գյուղական համայնքներում՝ ընտրություններում սովորաբար հաղթում է ավելի մեծ ազգություն ունեցող թեկնածուն:

XS
SM
MD
LG