Մատչելիության հղումներ

Ալավերդու նորընտիր քաղաքապետը արտագաղթը կասեցնելու ծրագրեր է մտմտում


Ալավերդու նորընտիր քաղաքապետը արտագաղթը կասեցնելու ծրագրեր է մտմտում
please wait

No media source currently available

0:00 0:04:03 0:00

Պղնձաձուլարան ունեցող Ալավերդու բնակիչները հաշվում են իրենց շենքերում ապրողներին ու նշում. քաղաքը շարունակում է դատարկվել։

«36 կվարտիրանոց շենքա, 15 տունա ապրում, էն էլ ծերեր են», - պատմում է Էդիկ Վարոսյանը:

Լյովա Հակոբյանն էլ հիշում է․ - «Էս տարի, օրինակ, մեր շենքից մի ընտանիք գնացելա, երեխեքին վերցրին՝ գնացին։ Ինքն աշխատավոր տղա է, ստեղ աշխատանք չկար՝ թողեց գնաց»:

Ալավերդցի հարևանները միմյանց շարունակելով ասում են՝ աշխատատեղերի հարցը առաջնային է, բայց Ալավերդիում անգամ փոքր գործերը տեղից չեն շարժվում։ Փողոցներն անբարեկարգ են, կեղտոտ ու մութ։

Ալավերդու 81-ամյա բնակիչ Վոլոդյա Էվոյանն էլ ասում է՝ դատարկվող քաղաքում աշխատատեղերի պակասը մեծացնում է հանցագործությունների թիվը․ - «Անգործ մարդը կամ պտի գողություն անի, կամ էլ պտի ռսանց Վարդանի տղի պես հանցագործություն անի, որ գնա նորից բանտ նստի, տասն օրը մի հետ լողանա, հետն էլ օրական 2-3 հետ սնվի։ Ես չեմ հիշում երբ եմ ցնցուղի տակին լողացել։ Պապական տաշտակումն եմ լողանում, 81 տարեկան մարդ եմ»։

Ալավերդու գործող քաղաքապետն արձակուրդի մեջ է, նորընտիր ղեկավար Կարեն Փարեմուզյանն էլ դեռ չի թողել երկաթուղու Սանահինի դեպոյի պետի պաշտոնն ու չի անցել քաղաքապետի իր գործին։ Բայց ասում է, որ գիտի Ալավերդու խնդիրների մասին ու հեռվից-հեռու քաղաքում նոր ներդրումներ գտնելու ու հատկապես կանանց համար նոր աշխատատեղեր բացելու ծրագրեր է մտմտում:

«Վատ է, ճիշտ է, գիտենք, որ ժողովուրդը գնում է: Դրա միակ ելքը մարդկանց աշխատանքով ապահովելն է», - ասում է Կարեն Փարեմուզյանը:

Մինչև հիմա Ալավերդու որևէ քաղաքապետի չի հաջողվել նոր արտադրություն կազմակերպել, չնայած, որ նախընտրական ու հետընտրական իրենց ծրագրերի առաջին տողերում գրել են այդ մասին։ Կարեն Փարեմուզյանն այնուամենայնիվ հույս ունի, որ իրեն հաջողվելու է։ Արդյունքի հասնելու համար թե՛ կառուցվածքային, և թե՛ կադրային փոփոխություններ կանի քաղաքապետարանում։

«Պետքա լուրջ աշխատանք, պետքա քաղաքապետարանում ունենալ լուրջ թիմ, որ ներդրողները ուզենան ներդրում անեն», - ասում է նա:

Կարինե Մարգարյանն առևտրով է զբաղվում։ Ընտանիքն իրենց առևտրի չնչին եկամուտով է ապրում։ Վաճառքի ծավալների նվազումը մատնանշելով՝ ասում է, թե մարդկանց սոցիալական վիճակն այստեղ գնալով վատանում է․ - «Ինչի՞ վրա պտի լավանա․․․ էնքան ընտանիք կա՝ մի հատ աշխատող չունի»։

Հարևաններ Էդիկն ու Լյովան էլ հուսահատ են։ հիշում են Ալավերդու երբեմնի հաջողություններն ու պնդում, թե այստեղ շատ բան չի կարող փոխվել, չյանած նորընտիր քաղաքապետի խոստումներին։

«Ամենաառաջադեմ քաղաքներից մեկն է էլել, կարելի է ասել՝ Հանրապետությունում չորրորդը կամ հինգերորդը, բայց հիմա երևի ամենավերջին տեղնա», - ասում էին նրանք:

Երկու ամիս առաջ ընտրված քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը, սակայն, հաստատակամ է իր խոստումներում:

«Ես մտածում եմ իմ քաղաքի ապագայի մասին։ Ու ամեն ինչ անելու եմ, որ այդ ապագան լուսավոր լինի», - ասում է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG