Մատչելիության հղումներ

Արևածագում գյուղացիական միավորում ստեղծելու նոր փորձեր են արվում


Լոռու մարզի Արևածագ գյուղում 20 հեկտար հող մշակող Խորեն Գևորգյանը համոզված է. գյուղատնտեսությամբ այսօր Հայաստանում հնարավոր չէ եկամուտ ունենալ։ Դա միայն գոյությունը պահելու միջոց է՝ անգամ խոշոր տնտեսություն ունենալու դեպքում։

«Որ եկամտաբեր տնտեսություն վարես գյուղում, դա միջին մակարդակում հնարավոր չի։ Դա միայն հնարավոր է, եթե մեծ ներդրումներ արվի ու նոր տեխնոլոգիաներ կիրառվի, դրա հնարավորությունն էլ ոչ ոք գյուղում չունի», - ասում է նա:

Գյուղատնտեսության ոլորտում ունեցած իր ավելի քան 20 տարվա փորձից եզրակացրել է՝ Հայաստանում գյուղատնտեսությունն անկազմակերպ է և տարերային բնույթ է կրում։

«Դա թողնվածա մարդկանց հնարավորություններին, ով ոնց կարող ա կազմակերպի տնտեսությունը, բայց հո գյուղացին տնտեսություն կազմակերպելու, ֆինանսներ կառավարելու, ինչ-որ բաներ ձեռք բերելու, վաճառելու հմտություններ չունի՞։ Ու ստացվումա, որ շահում են նրանք, ովքեր էստեղ շահեր ունեն», - նշում է նա:

Խորեն Գևորգյանի համոզմամբ, միակ ելքը եղած ռեսուրսները միավորելն ու հնարավորություններն ավելացնելն է։ Ունեցած հնով հնարավոր չէ առաջ գնալ, ասում է արևածագցի գյուղատնտեսը, ով դեռ սրանից մի քանի տարի առաջ համագյուղացիների հետ կոոպերատիվ է ստեղծել ու Հոլանդիայից մեծ քանակի կարտոֆիլի սերմացու ներկրել։ Ասում է՝ ամեն ինչ նախապես հաշվարկել ու մեծ օգուտներ են ակնկալել, սակայն արդյունքում՝ վարկային պարտավորությունները չեն կարողացել կատարել, գործը դատարաններ է հասել։ Ստիպված է եղել վաճառել տնտեսության մի մասն ու փակել նորաստեղծ կոոպերատիվը։

«Այ այդտեղ էր, որ պետության աջակցությունն անհրաժեշտ էր, որովհետև անկախ քո գործունեությունից կարող են վնասներ լինել, որոնք պետք է այդ ռիսկերը պետությունն ինչ-որ չափով կարողանա ծածկել։ Բայց մեզ մոտ բոլոր տեսակ ռիսկերը գյուղացու վրա են», - ասում է նա:

Տարիներ անց կարողացել է ինչ-որ չափով վերականգնել կորուստները։ Այսօր հայրենի Արևածագում գյուղացիական միավորում ստեղծելու նոր փորձեր է անում։ Միավորվել են 7 ընտանիքով ու փորձում են համատեղ աշխատել։

«Միավորվում ենք իրար հետ որոշումներ կայացնելու, սերմեր, պարարտանյութեր, բուժանյութեր ձեռք բերելու, համատեղ շուկա գտնելու, վաճառք կազմակերպելու, գնի տատանումները թույլ չտալու ու իրական շուկայական գներով մեր ապրանքը իրացնելու», - պատմում է նա:

Վերևներից հաճախակի հնչող հայտարարություններին, թե կառավարությունը կանգնած է գյուղացու թիկունքին, հակադարձում է. - «Ասում են, դեմքով դեպի գյուղացին, մենք ձեր թիկունքին ենք... բայց մենք թիկունքին չեն ուզում զգանք, մենք ուզում ենք մեր առջևում զգանք։ Մենք նոր բան ենք նախաձեռնել, աջակցեք։ Նման բանին պետք է օժանդակել, ոչ թե թիկունքին լինել»։

Խորեն Գևորգյանի ստեղծած միավորման անդամներից մեկն էլ Արկադի Հովհաննիսյանն է։ Գյուղից հավաքել է արդեն չօգտագործվող ավտոմասերն ու կարտոֆիլի տեսակավորման արտադրամաս հիմնել։ 8 աշխատատեղ է ստեղծել ու գյուղում կարտոֆիլ մշակող գյուղացիների փոքր մասի պահանջարկը բավարարում է։ Օրական 8 ժամ աշխատում են։ Տեխնոլոգիան հին է, բայց մարզում միակն է և ժամում մինչև 2 տոննա կարտոֆիլ տեսակավորելու հնարավորություն ունենք, ասում է նորարար գյուղատնտեսը։

«Կարտոշկի արտադրության մեջ ամենամեծ պրոբլեմներից մեկը դա սորտավորման պրոբլեմն է։ Եղած նյութերով՝ տեղական, ինչ որ պատահելա, փորձել եմ մի փոքր հեշտացնեմ, թեթևացնեմ ֆերմերների աշխատանքը», - պատմում է նա:

Արևածագը Լոռու մարզի այն եզակի գյուղերից է, որտեղ ոչ մի թիզ անմշակ հող չկա։ Միավորվելու և գյուղատնտեսությունը բիզնես դարձնելու փորձը վարակիչ է եղել, գրեթե ողջ գյուղն է միացել, անգամ գյուղապետը: Բայց անգամ այս դեպքում փաստում են` գյուղացու մեկը երկու դժվար է դառնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG