Մատչելիության հղումներ

Թուրքիայում կառավարության կազմավորման համար սահմանված 45-օրյա ժամկետից 2 օր առաջ նախագահ Թայիփ Էրդողանը այսօր հայտարարել է արտահերթ ընտրությունների անցկացման մասին։

Anadolu գործակալության հաղորդմամբ` Էրդողանը հայտնել է, որ կառավարություն կազմելու համար նախատեսված 45-օրյա ժամկետն ավարտվելուց հետո հաջորդ շաբաթ կրկին հանդիպում կունենա Մեջլիսի նախագահի հետ և կհայտնի արտահերթ ընտրությունների անցկացման մասին։

«Այս պահին հրապարակված ամսաթիվը նոյեմբերի 1-ն է: Ես, իհարկե, կողմ եմ նոր ընտրություններին: Թուրքիայում նոր ընտրություններ կանցկացվեն», - հայտարարել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ ընտրություններում առաջին տեղը զբաղեցրած «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ, վարչապետ Ահմեդ Դավութօղլուին այդպես էլ չհաջողվեց կառավարություն ձևավորել։ Նա նշել է, որ ընդդիադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդին նույն լիազորությունների հանձնումը ժամանակի կորուստ է, ուստի, ըստ Սահմանադրության, իր որոշմամբ նոր խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն երկրում:

Այսպիսով հաջորդ շաբաթ նախագահ Թայիփ Էրդողանը ժամանակավոր կառավարության ձևավորման հանձնարարական կտա, որում «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կապահովի իր վերահսկողությունը իշխանության վրա, քանի որ կառավարության կազմում տիրապետող դիրք կունենան Էրդողանի և նրա կուսակցության աջակիցները։

Գործող Սահմանադրության համաձայն, բոլոր կուսակցությունները պետք է ներկայացված լինեն ժամանակավոր կառավարության կազմում՝ պատգամավորական տեղերի համապատասխան։ Թուրքիան այժմ միանգամայն նոր, աննախադեպ իրավիճակ է ստեղծվել, քանի որ նման կառավարության կարիք նախկինում երբեք չի եղել։

Խորհրդարանական ընտրություններում միանձնյա կառավարություն ձևավորելու համար բավարար ձայներ չհավաքելուց հետո «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարությունը կարծես ամեն ինչ արեց, որպեսզի գործը հասնի արտահերթ ընտրությունների։

Թուրքիայի նախագահը հույս ունի փոխել երկրի Սահմանադրությունը, որը հնարավորություն կտա անցում կատարել կառավարման նախագահական համակարգին, ինչպես Միացյալ Նահանգներում և Ֆրանսիայում է։ Դրա համար, սակայն, անհրաժեշտ է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ճնշող մեծամասնություն ունենա խորհրդարանում։

XS
SM
MD
LG