Մատչելիության հղումներ

Մալաթիայի շուկայում գյուղմթերք վաճառողները պահանջում են չարգելել բացօթյա առևտուրը


Քաղաքապետարանը պնդում է՝ «բացօթյա ապօրինի առևտուրն արգելված է»:

Մալաթիայի շուկայի շրջակայքում առևտրով զբաղվող գյուղացիներին քաղաքապետարանը մինչև երկուշաբթի ժամանակ է տվել՝ տարածքն ազատելու և փողոցային առևտուրը շուկայի տարածք տեղափոխելու համար: Տնօրինությունը խոստանում է բոլորին ներսում տեղավորել, մինչդեռ պատմության ուսուցիչ Արտաշես Հովհաննիսյանը, ով մի քանի տարի է՝ շուկայում առևտուր անելով է ընտանիքը պահում, ցույց տալով առանց այդ էլ ծայրից ծայր զբաղված վաճառասեղանները, նշում էր՝ ասեղ գցելու տեղ չկա: Քիչ, թե շատ ազատ են միայն միջանցքները, դրանցով էլ մեքենաներն ու գնորդներն են անցնում:

Մալաթիայի շուկայից դուրս՝ բացօթյա այս առևտուրը շարունակվում է արդեն ավելի քան 20 տարի: Տիկին Գայանեն ամեն օր Արտաշատից է գալիս՝մշակած մրգերը վաճառելու: Վստահ չէ, որ ինքն ու իր հետ առևտուր անող հարյուրից ավելի վաճառականները, երկուշաբթի առավոտյան գալով աշխատանքի, մթերքը վաճառելու տեղ կունենան շուկայի ներսում:

Քաղաքապետարանը մինչդեռ անդրդվելի է․ չպարզաբանելով՝ ինչու հենց հիմա՝ բերքահավաքի թեժ օրերին որոշեցին գյուղացիներին զրկել զբաղեցրած տեղերից, երբ շուկան գործումէ ավելի քան 20 տարի, Քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը միայն մեջբերեց օրենքը․ - «Բացօթյա ապօրինի առևտուրն արգելված է»:

Երևանի ավագանու ընդդիմադիր «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը անձամբ է օգտվում շուկայից: Փաստում է՝ փողոցային առևտուրն արգելված է, սակայն կոչ է անում՝ գյուղացիներին շուկայի տարածք տեղափոխելուց առաջ գոնե պայմաններ ստեղծել նրանց համար:

«Քաղաքապետը կարող է էդ փողոցով հանկարծ անցել է, տեսել է, դուրը չի եկել: Իհարկե՝ մաքուր չի, սանիտարական նորմերը խախտվել են, բայց չեմ ուզենա, որ գյուղացուն նեղացնեն, որովհետև ինքը ճար չունի՝ էդ ապրանքը տեղայնացնելու, վաճառելու: Դա իր ապրուստի միջոցն է, և եթե էս րոպեին մենք հանկարծ հիշենք մեր քաղաքի մաքրության մասին, ուրեմն լիքը ուրիշ տեղեր կան հիշելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Անահիտ Բախշյանը:

Առևտրականներն իրենց հերթին կոչ են անում իշխանություններին տեր կանգնել «դեմքով դեպի գյուղացին» շրջվելու իրենց խոստմանը և վերջնաժամկետ տալուց առաջ այլընտրանք առաջարկել:

«Ես գյուղացի եմ, հող ունեմ, մշակում եմ, բերում, ծախում: Ոչ ոք էլ հաշվի չի առնում: Ինձ երեկ մի պաշտոնավոր մարդ ասաց՝ դու չարչի ես ընդամենը, չարչի: Եթե ես իմ աշխատանքով, իմ թոռան համար աշխատում եմ, դա չի նշանակում որ ես չարչի եմ», - ասաց վաճառականներից մեկը:

XS
SM
MD
LG