Մատչելիության հղումներ

Մասնագիտական հանձնաժողովը հաստատեց Սահմանադրությունում փոփոխությունների նախագիծը


Հանձնաժողովն ավարտել է աշխատանքը՝ թե՛ բարեփոխումների, թե՛ նախագծի անցումային դրույթների վրա։

Մասնագիտական հանձնաժողովը ավարտել է աշխատանքը սահմանադրության բարեփոխումների վրա և նախագծի վերջնական տարբերակը այսօր ուղարկել է նախագահ Սարգսյանին։

Ժամեր առաջ հրապարակված փաստաթղթում Վենետիկի հանձնաժողովի հուլիսի 31-ին հրապարակված հիմնական դիտողությունները գրեթե հաշվի չեն առնվել։

Չնայած վենետիկի հանձնաժողովի քննադատությանը՝ հանձնաժողովը նախագծի վերջնական տարբերակում գրեթե նույնն է թողել խորհրդարանում կայուն մեծամասնություն ապահովելու և ամենաշատ քվեները ստացած երկու կուսակցությունների միջև երկրորդ փուլ անցկացնելու մասին դրույթը: Ընդամենը ավելացվել է Ընտրական օրենսգրքին առնչվող մեկ նախադասություն․ «Եթե կայուն մեծամասնություն չի ձևավորվում Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում և կարգով, ապա երկրորդ փուլ է անցկացվում։

Մասնագիտական հանձնաժողովը հիմնավորում է, թե այս դրույթով ընտրողը հնարավորություն է ստանում, բացի խորհրդարանի ձևավորումից, ուղղակիորեն որոշել, թե որ քաղաքական ուժն է ստանձնելու կառավարման ղեկը։

Չեն փոփոխվել նաև դրույթները դատավորների նշանակման և հեռացման վերաբերյալ, թեև Վենետիկի հանձնաժողովտ անթույլատրելի էր համարել այս հարցում քաղաքական մարմնի միջամտությունը։

Երեկ երեկոյան Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարում էր, որ իրենք էլ են քննարկումներ անցկացրել և հիմնական հարցերում հստակ միասնական տեսակետ ունեն։ Նրա խոսքով, շուտով կմեկնարկեն նաև առաջարկվող բարեփոխումների շուրջ նախագահի և քաղաքական կուսակցությունների միջև կոնսուլտացիաները․ - «Կարծում եմ, որ այս ամսվա օգոստոսի 20-ից, 25-ից հետո, գոնե ես ակնկալում եմ մինչև օգոստոսի վերջ սեպտեմբերի սկիզբ, շատ հավանական եմ համարում, որ քաղաքական ուժերի հետ կսկսվեն կոնսուլտացիաների փուլ»:

Թե որ կուսակցություններն են համաձայնել մասնակցել քննարկումներին, Շարմազանովը հրաժարվեց ասել։

Խորհրդարանական երկրորդ ուժը՝ «Բարգավաճ Հայաստան»-ը, օրինակ, դիրքորոշումը փոխել է․ նախագահի հետ կոնսուլտացիաներին մասնակցելու է, իսկ սահմանադրական փոփոխությունների նկատմամբ վերաբերմունքն այլևս կոշտ չէ:

Ծառուկյանի հեռանալուց հետո վերակազմավորված ԲՀԿ-ի խորհրդարանական խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց՝ իրավիճակ է փոխվել, հիմա արդեն ներկայացված փաստաթղթում դրական փոփոխություններ են տեսնում․ - «Բավականին դեպի պոզիտիվ վեկտոր ես տեսնում եմ․ վերարտադրության պահը հանված ա, տենց բան չկա, ասենք, կառավարման մոդելի հետ կապ չունեցող խնդիրները՝ մարդու ազատություններ, հիմնարար իրավունքներ, ընտրական, դատական համակարգ և այլն»:

Ընդդիմադիր «Ժառանգություն»-ում նախագահի հետ ևս մեկ անգամ հանդիպելու հնարավորությունը դեռ չեն քննարկել, բայց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի անձնական կարծիքով, իրենք քննարկումներին չեն մասնակցի, քանի որ նախկին հանդիպման ժամանակ առաջարկներ են ներկայացրել, որոնք նոր փաստաթղթում տեղ չեն գտել։

Նախորդ անգամ նախագահականից հանդիպման հրավեր չէր ստացել և հիմա էլ դրան չի սպասում բարեփոխումները կտրականապես մերժող Հայ ազգային կոնգրեսը։ Կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը այսօր հայտարարեց, որ լայնածավալ պայքարի են պատրաստվում, շրջելու են գյուղ առ գյուղ և ՈՉ-ի քարոզն են տանելու․ - «Եվ մենք գտնում ենք, որ բոլոր նրանք, ովքեր կողմ են սահմանադրական փոփոխություններին, և բոլոր նրանք, ովքեր իբր թե չեզոք են սահմանադրական փոփոխությունների նկատմամբ, որով նպաստում են սահմանադրական այս փոփոխություններն անցկացնելուն, նրանք պարզապես Սերժ Սարգսյանի իշխանության կողմնակիցներն են: Մենք գտնում ենք, որ այս սահմանադրական փոփոխությունների չանցնելը ազգային արժանապատվության խնդիր է»:

ՀԱԿ-ը, Մանուկյանի փոխանցմամբ, առաջիկա ամիսներին ամեն ինչ անելու է, որ «գործընթացը խորհրդարանում կանգնի և բանը հանրաքվեի չհասնի», իսկ եթե չստացվի՝ փողոց դուրս կգան։

«Ազատության» հարցին, թե արդյոք պատրաստ են համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք ՈՉ կասեն բարեփոխումներին՝ Մանուկյանը պատասխանեց․ - «Եթե դու «ոչ» ես ասում, ես քեզ չեմ սիրում, կներես, ես շատ ուրախ եմ, որ դու «ոչ» ես ասում․․․ կփորձենք մեծահոգի լինել, իրար բան չասել, բայց շատ ուրախ լինել, որ կան այդ դաշտում ուժեր, որոնց հետ մենք չենք ուզում ճամփա գնալ, բայց ուզում ենք, որ «ոչ» ասեն»:

Ի դեպ, մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանի խոսքով, Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները մի քանի օրից ժամանելու են Հայաստան: Առաջիկա երկուշաբթի նրանք կհանդիպեն սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների, իսկ հաջորդ օրը՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

XS
SM
MD
LG