Մատչելիության հղումներ

Մեկ օրվա ընթացքում տենգեն արժեզրկվել է շուրջ 26 տոկոսով։

Ռուսաստանի տնտեսական ճգնաժամը չի կարող չազդել ԱՊՀ այն երկրների տնտեսության վրա, որոնք սերտ կապված են Ռուսաստանի հետ։

Երեկ Ղազախստանի Կենտրոնական բանկի որոշմամբ՝ ազգային տարադրամ տենգեն անցել է լողացող ռեժիմի, այսինքն՝ այլևս չի կարգավորվում Կենտրոնական բանկի կողմից։

Մեկ օրվա ընթացքում տենգեն արժեզրկվել էր շուրջ 26 տոկոսով, ինչն իրարանցում էր առաջացրել երկրում։

Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քաղաքաներում փակվել և չէին գործում տարադրամի փոխանակման կետերը։ Խանութներն էլ հրաժարվում էին թանկարժեք ապրանքը վաճառել հին գներով։

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել էր, որ իշխանությունները գնացել են այս քայլին՝ գործարարների խնդրանքով։ Նա ընդգծել էր, որ այս որոշումը պետք է բարձրացնի երկրի տնտեսության մրցունակությունը։

«Երկրի կառավարության և Ազգային բանկի կողմից ընդունված որոշումը կյանքի է կոչվում Արտահանողների ազգային պալատի միջին և մանր բիզնեսի խնդրանքով։ Երկրի մրցունակության վերականգնման շնորհիվ մենք կկարողանանք պահպանել աշխատատեղերը ձեռնարկություններում», - երեկ հայտարարել էր Նազարբաևը։

Ավելի վաղ Ղազախստանի նախագահը նաև ասել էր, որ ղազախստանցիները, պետք է սովորեն ապրել տնտեսական ճգնաժամի պայմաններում և պետք է հասկանան, որ առաջիկա տարիներին նավթի գինը կարող է լինել 30-ից 40 դոլարի սահմաններում։

Ի դեպ, Ռուսաստանի իշխանությունները ավելի լավատես են և պարբերաբար հայտարարում են, որ նավթի գինը միջազգային շուկայում լինելու է 50-ից 70-ի դոլարի սահմաններում։

Ամեն դեպքում, ռուսական տարադրամը նույնպես շարունակում է արժեզրկվել. այսօր Կենտրոնական բանկի տվյալներով՝ դոլարն արժե 67 ռուբլուց ավելի։

Կրեմլում երեկ հայտարարել են, որ ղազախական տենգեի արժեզրկումը չի ազդի ռուսական տարադրամի վրա։

XS
SM
MD
LG