Մատչելիության հղումներ

Թինա Խիդաշելի. ՆԱՏՕ-ի անդամակցության հարցը մենք ուժեղ առաջ ենք մղելու քան երբևէ


Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելի, արխիվ
Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելի, արխիվ

Դեռ 2008-ին հայտարարվեց, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա, եթե կատարի անդամակցության գործողությունների պլանը։ Մինչև հիմա գործողությունների այդ ծրագիրը Վրաստանին չի տրամադրվել։

Եթե եկող տարի Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Վրաստանի անդամակցության հարցում շոշափելի արդյունքներ չլինեն, ապա դա հստակորեն կնշանակի, որ դաշինքի տված բոլոր խոստումները մնում են միայն թղթի վրա։ Ահա այսպիսի հայտարարությամբ է Վաշինգտոնում հանդես եկել Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին։

Նա նշել է, որ եթե կոնկրետ արդյունքեր չլինեն, ապա դա կամրապնդի վրացիների շրջանում աճող հոռետեսությունը, ինչն էլ իր հերթին ազդեցություն կունենան 2016 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։

Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում Խիդաշելին առաջին այցն է կատարում Միացյալ Նահանգներ։

Նշենք, որ օգոստոսի 18-ին նա հանդիպել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերին։ Հաջորդ օրը ելույթ է ունեցել ԱՄՆ-ի խաղաղության ինստիտուտում։

Վրաստանի պաշտպանության նախարարը նշել է, որ ԱՄՆ կատարած իր այցը երկու կարևոր նպատակ է հետապնդում՝ ամրապնդել Միացյալ Նահանգների հետ գործընկերությունը, և երկրորդ՝ պատասխաններ, խորհուրդներ, աջակցություն փնտրել ՆԱՏՕ-ին՝ Վրաստանի անդամակցության հարցում։

«Վարշավայի գագաթաժողովը մոտենում է, և Վրաստանը հստակ հասկացրել է բոլոր երկրներին և գործընկերներին, որ ՆԱՏՕ-ի անդամակցության և ընդլայնման հարցը մենք ուժեղ առաջ ենք մղելու քան երբևէ», - Վաշիգտոնում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարը։

«Արդեն մի քանի տարի մենք լսում ենք Ռուսաստանի հարևանությամբ ՆԱՏՕ-ի ընդարձակումը, Ռուսաստանին գործողությունների դրդող գործոն կհանդիսանա։ Այդպիսի ընկալումը հնարավոր է նույնիսկ լեգիտիմ է, բայց փաստ չէ», - անդրադառնալով ռուսական գործոնին՝ ասել է Թինա Խիդաշելին՝ շարունակելով. - «Իսկ փաստն ուրիշ է. փաստերը վկայում են, որ 2008 թվականին, երբ ՆԱՏՕ-ն հրաժարվեց ընդարձակվել, հենց այդ ժամանակ էլ տեղի ունեցավ Վրաստանի հետ Ռուսաստանի պատերազմը։ Հետո աշխարհը փորձեց մոռանալ կատարվածը, մեզ մոտ նույնպես վերբեռնման քաղաքականություն կար, բայց տեղի ունեցավ Ուկրաինան։ Ուկրաինայից հետո բացարձակապես ակնհայտ է, որ Ռուսաստանից ոչ մի գործընկերություն չի կարելի սպասել»։

Վրացական Civil.ge կայքը հիշեցնում է, որ 2008 թվականին ՆԱՏՕ-ի՝ Բուխարեստի գագաթաժողովում հայտարարվեց, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա, բայց դրա համար պետք է կատարի անդամակցության գործողությունների պլանը։ Մինչև հիմա գործողությունների այդ ծրագիրը Վրաստանին չի տրամադրվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG