Մատչելիության հղումներ

ՀԽ-ի անդամը պնդում է, որ իրենց շարունակում են հալածել


Հիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանն այսօր կրկին տարվել է Ոստիկանություն այն բանից հետո, երբ նախագահականի առջև կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ փորձել է հավկիթներ նետել շենքի ուղղությամբ։

Ցույցը անցկացվեց ի պաշտպանություն նախաձեռնության ակտիվիստ Սյուզի Գևորգյանի, ով պնդում է, թե երբ ինքը մոտ մեկ շաբաթ առաջ՝ Համահայկական խաղերի օրերին, Հայաստանում տիրող իրավիճակի մասին թռուցիկներ է բաժանել սփյուռքահայերին, քաղաքացիական հագուստով անձինք իրեն սպառնացել ու հավածել են․ - «Ամսի 13-ին օգոստոսի, գիշերը 11-ին, տուն վերադառնալիս, իմ վրա հարձակվել են և հարվածներ են հասցրել, և սպառնացել են՝ մի անգամ էլ քեզ տեսանք, վատ կլինի։ Ոստիկանական հագուստ չունեին, բայց ֆիզիկապես շատ պատրաստված էին»։

Ակտիվիստը իրավապահներին չի դիմել՝ պնդելով, որ չի վստահում և «դրա համար հիմքեր ունի»։

ՀԽ-ի անդամ Հրաչիկ Միրզոյանի դեմ Գյումրիում կատարված բռնության համար մեղադրվողը ստորագրությամբ ազատ արձակվեց, իսկ Գևորգ Սաֆարյանի դեմ բռնությունն այդպես էլ չբացահայտվեց, թեև հարձակումը տեղի էր ունեցել Խանջյան-Թումանյան մարդաշատ խաչմերուկում։

«Էդ գործը էն գործն էր, որ ժամերի ընթացքում կարելի էր բացահայտել: Երեք տեսախցիկ բոլոր կողմերից նկարում էին էն տարածքը, որտեղ որ հարձակում ա տեղի ունեցել։ Ի դեպ ո՛չ Ոստիկանությունը, ո՛չ Քննչական կոմիտեն այդ տեսախցիկների տեսագրությունը չի առգրավվել», - «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ փոխարենը շարունակվում է Հիմնադիր խորհրդարանի դեմ ապրիլի 24-ին անկարգություններ ծրագրելու մեղադրանքովհարուցված քրեական գործի քննությունը․ - «Չգիտեմ ինչ են քննում, որովհետև ընդեղ ոչինչ չկա քննելու: Բայց դա ընդամենը ձև ա մեզ հալածելու մեր քաղաքական հայացքների համար։ Մեր համակարգիչները չեն վերադարձնում, մեր բարձրախոսները չեն վերադարձնում»։

Ակտիվիսն այսօր Ոստիկանությունում երեք ժամ անցկացնելուց հետո ազատ է արձակվել։ Նա պնդեց, որ իր հասցեին սպառնալքիները շարունակվել են անգամ ոստիկանական բաժանմունքում․ - «Ինձ պահանջ չեն ներկայացրել, որը լիներ օրինական կամ ոչ, ուղղակի էդպես գրեցին: Ինչից հետո կաբինետ մտավ քաղաքացիական հագուստով մի մարդ, որը ներկայացավ որպես պետ, ով շատ կոպիտ արտահայտվեց՝ արա-ով և այլն, դուրս եկավ, հետ եկավ, ինձ հեռախոս տվեց, ասեց՝ քո հետ ուզում են խոսեն: Խոսողը ներկայացավ Երևան քաղաքի վարչության պետ։ Նա սկսեց սպառնալ՝ սպանելու եմ քեզ, չգիտեմ ինչ եմ անելու և հայհոյանքներ ուղղել, որից հետո, երբ եկան Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, ինձ բաց թողեցին»։

XS
SM
MD
LG