Մատչելիության հղումներ

Իջևանի քաղաքապետի պաշտոնին հավակնում են երկու ՀՀԿ-ականներ


Իջևանում թեժ ամառը կրկնակի է թեժացել․ սեպտեմբերի 13-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում մրցակցելու են իշխող ՀՀԿ-ի երկու ներկայացուցիչներ:

Պայքարի դուրս եկած նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը այստեղ զարմանալի ոչինչ չի տեսնում՝ պնդելով, որ մրցակցությունը ոչ թե երկու կուսակիցների միջև է, այլ գաղափարների ու ծրագրերի․ - «Ես գտնում եմ, որ չի կարելի այսպես տեսնել՝ Հանրապետականը Հանրապետականի դեմ, որովհետև սա ընդամենը համայնքային ընտրություններ են, և միշտ պետք է տարբերակել համայնքային ընտրությունները համապետական ընտրություններից»:

Գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Վարդան Ղալումյանը նախընտրում է առաջիկա ընտրությունների ու իր ծրագրերի մասին լրագրողների հետ առայժմ չխոսել:

«Համբերեք մինչև գրանցման փուլը ավարտվի, տեսնենք ում կգրանցեն: Բացի այդ, ես ոչ մեկի հարցազրույց չեմ տալիս», - «Ազատության» հետ զրույցում ասաց թեկնածուն:

Հատկանշական է, որ Ղալումյանը իշխող կուսակցության շարքերն է անցել միայն ամիսներ առաջ, իսկ մինչև այդ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ էր, և հենց այդ կուսակցության աջակցությամբ հաղթեց նախորդ ընտրություններում:

Իջևանցիները շատ լավ են հիշում այդ ժամանակները, երբ Ղալումյանին ներկայացնում էր ԲՀԿ-ի նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Ես զարմանում եմ․ ո՞նց կարելի է մի կուսակցությանը դավաճանել և անցնել մյուս կուսակցության կողմը, և նրան սատարի Հանրապետական կուսակցությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց միջին տարիքի մի կին:

Իրավիճակը, սակայն, փոխվեց ամիսներ առաջ, երբ Սերժ Սարգսյանի խիստ քննադատությունից հետո Գագիկ Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից, իսկ «Բարգավաճ Հայաստան»-ը վերակազմավորվեց: Այդ զարգացումներից քիչ անց Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը անդամագրվեց իշխող կուսակցությանը: Ընդ որում, հիմա Հանրապետականը հենց նրա թեկնածությունն է պաշտպանում առաջիկա ընտրություններում:

Մինչդեռ 2011 թվականից հանրապետական կուսակցության անդամ, նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը առաջադրվել է սեփական նախաձեռնությամբ․ - «Այդպիսի մտադրություն չունեի, բայց վերջին օրերին իջևանցիների պահանջով, խնդրանքով․․․ Դիմեցին ինձ, որ անպայման իմ թեկնածությունը առաջադրեմ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG