Մատչելիության հղումներ

logo-print

Հանրապետական պատգամավորը բարձրաձայնում է «ռեյդերային» զավթումների մասին


Հանրապետական կուսակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյան

Հանրապետական կուսակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյան

Իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը բարձրաձայնում է հարկային ճնշումների մասին և պնդում, որ ինքը «բռնազավթման» զոհ է դարձել։

Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» մարզադաշտը և տոնավաճառը դատարանի կողմից սնանկ են ճանաչվել։ Պատգամավորը սնանկացման մեջ դիտավորություն է տեսնում և մեղադրում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին ու ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։

«Դիտավորություն չէ՞. գաս 400 աշխատողի տանես հարկային, վախեցնես, ցուցմունքներ վերցնես: Դա քի՞չ բան է։ Դիտավորություն չէ՞, որ Հայաստանի ամենահարուստ տղեն՝ Ծառուկյան Գագիկը, մնացել էր... մի բուռ տոնավաճառին, ասաց՝ «եկեք, ձրի տեղ եմ տալիս»։ Դրանք «рейдерский захват»-ներ են կոչվում: Ես չգիտեմ՝ իրենց ինչ եմ արել, որ իրենք այդպես են վերաբերվում ինձ հետ, եթե բիզնեսն է ընդամենը, դա՝ ուրիշ բան։ Ամեն բիզնես պետք է բարոյական լինի։ Իմ բիզնեսները բոլորը բարոյական են, թող իրենք իրենց անբարոյական բիզնեսների մասին մտածեն», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Աղաբաբյանը:

Ամեն ինչ սկսվեց մի քանի ամիս առաջ։ Հարկային ծառայությունը Աղաբաբյանին պատկանող տոնավաճառում ստուգումներ իրականացրեց և մոտ 60 միլիոն դրամով տուգանեց հարկային պարտավորություններից խուսափելու համար։ «Բարգավաճ Հայաստանի» նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ վերջերս բացեց «Առինջ մոլը»՝ տանելով «Հրազդանի» առևտրականներից շատերին, քանի որ այնտեղ տարածքը անվճար էր տրամադրվում։ Ֆինանսական լուրջ կորուստներ կրած Աղաբաբյանը, իր խոսքով, չի կարողացել աշխատակիցներին վճարել, որոնք էլ իր դեմ դատական հայց են ներկայացրել:

«Փող որտեղի՞ց բերեմ տամ: Եթե ես ասեմ, որ շրջանառու միջոցներս կազմում էր հարյուր միավոր, եթե ես այսօր ունեմ ընդամենը հինգ միավոր և չունեմ վճարելու ոչինչ՝ այս ամբողջ 10,5 հեկտար տարածքը սպասարկելու ոչ մի բան, անգամ փող չունեմ, որ ավել առնեմ տամ հավաքարարներին, որ տարածքը մաքրեն, համոզե՞մ՝ մի՛ սնանկացրեք։ Եթե ես պարտքեր ունեմ, պարտատերերը դիմել են դատարան, բա պետք է սնանկանամ, բա ի՞նչ պետք է անեմ», - ասաց Աղաբաբյանը։

Ռեյդերային զավթումների և հարկային ճնշումների մասին իշխող կուսակցության պատգամավորի հայտարարությունը ոստիկանությունում հռետորական են համարում և կարծում, որ եթե Աղաբաբյանը դժգոհ է հարկայինի աշխատանքից կամ իրենից ինչ-որ բան են զավթել՝ կարող է դատախազություն դիմել։ Գլխավոր դատախազությունից էլ խոստացան այս հայտարարություններին վաղը արձագանքել։

ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն էլ դիտավորության մասին Աղաբաբյանի պնդումները զավեշտալի որակեց։

«Գագիկ Ծառուկյանն առաջնորդվել է ոչ թե ի վնաս ինչ-որ մեկի, այլ ի շահ հարյուրավոր ընտանիքների, որոնք այդ ժամանակահատվածում կանգնած էին իրենց օրվա հացը վաստակելու խնդրի առաջ: Ընդառաջել է հարյուրավոր մարդկանց, ընձեռել է հնարավորություն աշխատելու, պահելու իրենց ընտանիքները, չարտագաղթելու», - հավելեց Տոնոյանը:

Աղաբաբյանը այժմ դատարանում է բողոքարկում իրեն 60 միլիոն դրամով տուգանելու՝ հարկայինի որոշումը։ Պատմեց, որ հարկայինն էլ 150 միլիոն դրամի հայց է ներկայացրել իր դեմ, ինչը փուչիկ է համարում։ Այս հարցով գործընկերներին չի ցանկանում դիմել, ասաց՝ եթե վնաս չտան, օգնությունը չի ուզում։ Ավելի վաղ Աղաբաբյանը պնդել էր, թե չի դիմելու նաև բարեկամին՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: Վերջինս ևս հավաստիացրել էր, որ չի միջամտի այս վեճին։

ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կարծիքով ևս այս պատմությանը միջամտելը ճիշտ չէ, քանի որ այն տնտեսական է և դատարանում պետք է հարցը լուծվի։

Աղաբաբյանը իշխող Հանրապետական կուսակցության հիմնադիրներից է, ասաց, որ ստեղծման տարիներին լավ ապագա էին սպասում, բայց այժմ այդ լավ ապագան խաչատրյաններն ու ծառուկյաններն են վայելում։

«Ես չեմ նեղանում նման բաներից, ես ընդամենը ուզում եմ ապացուցել, որ՝ դու ով ես, ես ով եմ», - նշեց նա:

Հանրապետական պատգամավորը առայժմ մտադիր չէ հրաժարվել «Հրազդանից» և պատրաստվում է մարզադաշտի առողջացման ծրագիր ներկայացնել։ Վստահ է, որ իրեն երեք տարի ժամանակ կտրվի աշխատավարձերի պարտքը մարելու համար։

XS
SM
MD
LG