Մատչելիության հղումներ

Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններն այլևս անխուսափելի են


Թուրքիայի խորհրդարանի նիստերի դահլիճը, արխիվ:

Թուրքիայի խորհրդարանի նիստերի դահլիճը, արխիվ:

Ընտրություններում առաջին տեղը զբաղեցրած «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ, վարչապետ Ահմեդ Դավութօղլուին այդպես էլ չհաջողվեց համաձայնության գալ խորհրդարան անցած կուսակցությունների հետ։

Օրերս Դավութօղլուն երկրի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանին հանձնեց կառավարություն ձևավորելու իր լիազորությունները, ինչը ենթադրում է, որ երկրում, ամենայն հավանականությամբ, նոր ընտրություններ են անցկացվելու։

«Տեղի ունեցած հանդիպումները արդյունք չտվեցին։ Ցավոք, Թուրքիան դեռևս նոր կառավարություն չունի։ Ստեղծված իրավիճակում լուծումը կրկին փնտրում ենք՝ առաջնորդվելով ժողովրդի կամքով։ Այս գործընթացը ղեկավարում եմ՝ մնալով սահմանադրության շրջանակներում», - նախօրեին հայտարարել է Էրդողանը։

Թուրքիայի սահմանադրության համաձայն, կառավարություն կազմելու նախագահի հանձնարարությունից հետո 45 օրվա ընթացքում կառավարության չձևավորման դեպքում արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում է կայացվում, որոնք տեղի են ունենում դրանից ոչ ավելի, քան 90 օր հետո:

Սակայն այսօր պարզ է դարձել, որ այս ժամկետը մեկ ամսով կարող է կրճատվել։ Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը սկսել է քննարկել հավանական արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետը։ Մամուլում շրջանառվում է նոյեմբերի 1-ը: Քվեարկության օրը կճշտվի օգոստոսի 23-ից հետո, երբ նախագահ Էրդողանը արտահերթ ընտրությունների անցկացման որոշում կհրապարակի և ժամանակավոր կառավարություն ձևավորելու հանձնարարական կտա։

Խորհրդարանական ընտրություններում միանձնյա կառավարություն ձևավորելու համար բավարար ձայներ չհավաքելուց հետո «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարությունը կարծես ամեն ինչ արեց, որպեսզի գործը հասնի արտահերթ ընտրությունների։ Կուսակցությունը հույս ունի, որ երկրում ստեղծված ներքաղաքական անկայուն վիճակը, որը ուղեկցվում է թուրքական լիրայի արժեզրկմամբ և տնտեսական անկմամբ, քաղաքացիներին կստիպի պետության ղեկը կրկին վստահել Էրդողանի կուսակցությանը։

Մինչդեռ երկրում անցկացված վերջին սոցիալական հարցումների արդյունքները նախագահի կուսակցությանը վստահ հաղթանակ չեն խոստանում։ Որոշ հարցումների համաձայն, էրդողանի կուսակցությունը կարող է ընդամենը 1-3 տոկոսով ավելի ձայներ ստանալ, թեև կան նաև հարցումներ, ըստ որոնց, «Արդարություն և զարգացումը» կարող է շուրջ 2 տոկոս ձայներ կորցնել արտահերթ ընտրություններում։

Իսկ ահա քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, ըստ հարցումների, կրկին կհաղթահարի խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 10 տոկոսի շեմը՝ չնայած վերջին ամիսներին ընդդիմադիր այդ կուսակցության դեմ տարվող ակնհայտ հակաարշավին։

XS
SM
MD
LG