Մատչելիության հղումներ

Պուտինը պատրաստ է հանդիպել Օբամային


Ռազմական իրավիճակը Դոնբասի շրջանում, 20 օգոստոսի, 2015թ.
Ռազմական իրավիճակը Դոնբասի շրջանում, 20 օգոստոսի, 2015թ.

Վաշինգթոնը դեռ չի մեկնաբանել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում երկու ղեկավարների հնարավոր հանդիպման հարցը։

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը գալիք սեպտեմբերին մեկնելու է Նյու Յորք` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու համար, և պատրաստ է այնտեղ հանդիպել իր ամերիկացի պաշտոնակից Բարաք Օբամային` եթե վերջինս ցանկանա հանդիպել։

Ղրիմի բռնակցման և Արևելյան Ուկրաինայում ռուսների ակնհայտ միջամտության հետևանքով Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում առաջացել է սառը պատերազմից ի վեր ամենաբարդ ճգնաժամը։

Հուլիսին Վիեննայում Իրանի և վեց տերությունների միջև միջուկային համաձայնագրի կնքման կապակցությամբ Օբաման զանգահարել է Պուտինին և շնորհակալություն է հայտնել այդ կարևոր ձեռքբերմանը նպաստելու համար։

Երկու նախագահները վերջին անգամ հանդիպել են անցած տարվա նոյեմբերին։ 2012 թվականի մայիսին երրորդ անգամ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Պուտինը Ամերիկա չի այցելել։ Վաշինգթոնը դեռ չի մեկնաբանել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում երկու ղեկավարների հնարավոր հանդիպման հարցը։

Մինչդեռ, ՆԱՏՕ-ն սկսել է սառը պատերազմի ավարտից հետո ամենալայնածավալ զորավարժությունները։ Ռուսաստանցի օրենսդիրները դրանք անվանել են «ոչ թե պատպանական վարժություններ, այլ սադրանք»։

«Արագ արձագանք» կոդային անվամբ զորավարժություններին մասնակցում է հինգ հազար զինծառայող ՆԱՏՕ-ի 11 երկրներից։ Զորավարժությունները տեղի են ունենում Գերմանիայի, Իտալիայի, Բուլղարիայի և Ռումինիայի տարածքում և կտևեն մինչև սեպտեմբերի 13-ը։

Ամերիկայի զինուժի ղեկավարները, օգոստոսի 18-ին հայտարարելով զորավարժությունների մեկնարկի մասին, ասել են, որ դրանց նպատակն է «ցուցաբերել բարձր պատրաստություն և Եվրոպայի հզորությունն ու անվտանգությունը երաշխավորելու կարողություն»։

Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կոմոյեդովն ասել է, որ ռուսական զինուժը զգոն է և պատրաստ է արձագանքել ցանկացած մարտահրավերի։

Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովն էլ ասել է, որ Դոնբասում իրավիճակի ակնհայտ վատթարացման պայմաններում այսօրինակ խոշոր զորախաղեր անցկացնելու մտահղացումը խիստ վտանգավոր է․ - «Սա իրավիճակը սրելու փորձ է, ակամա մտածում ես, որ Կիևը պատրաստվում է արևելքում իր հարցերը լուծել ուժի միջոցով և ձերբազատվել մինսկյան պարտավորություններից»։

Նրա համոզմամբ, ՆԱՏՕ-ի զորավարժություններն էլ դառնում են կիևյան հնարավոր ագրեսիայից ուշադրությունը շեղելու հարմար առիթ։

ՆԱՏՕ-ն, իր հերթին, նախազգուշացրել է Մոսկվային, որ Ուկրաինայում նոր տարածքների գրավումը չափազանց վտանգավոր արկածախնդրություն կլինի։

Երեկ Հյուսիսատլանտյան դաշինքը տարածել է հայտարարություն, որում նշված է, որ Ռուսաստանն հատուկ պատասխանատվություն է կրում ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման համար։

«Նոր գրոհներ իրականացնելու ռուս անջատականների ցանկացած փորձ անընդունելի է միջազգային համայնքի տեսակետից», - ասվում է ՆԱՏՕ-ի հայտարարությունում։

Անցյալ տարվա ապրիլից սկսված բախումներում Ուկրաինայի արևելքում սպանվել է մոտ 7 հազար մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG