Մատչելիության հղումներ

Դատարանն արդարացրեց Արգիշտի Կիվիրյանին


Իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյան, Արխիվ
Իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյան, Արխիվ

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը Կոմիտաս 5-ի գործով արդարացրեց իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանին։ Այս մասին Կիվիրյանը գրել է իր ֆեյսբուքի էջում։

«Իհարկե, չեմ հավատում, որ Հայաստանում կա արդարադատություն՝ եթե այն լիներ, ապա ես երկու տարի իմ ժամանակը չէի վատնի Հայաստանի ոստիկանությունում, քննչական մարմիններում և դատարաններում, և ոչ էլ իմ նկատմամբ կլիներ առաջադրված մեղադրանք, իսկ այսօր էլ անբաստանյալի աթոռին նստած կլինեին իմ դեմ բռնություններ իրականացրած ոստիկանները», - գրել է Կիվիրյանը:

Նրա խոսքով, անկախ երկրում տիրող համակարգից, ցանկացած քաղաքացի պարտավոր է բոլոր հնարավոր միջոցներով պայքարել իր իրավունքների համար, և գուցե այդ կերպ հնարավոր լինի հասնել ինչ-որ արդյունքի:

«Եվ այսօրվա արդյունի համար ես ցանկանում եմ հայտնել իմ շնորհակալությունը իմ փաստաբաններին՝ Լուսինե Սահակյանին և Երվանդ Վարոսյանին, լրագրողներին, իմ ընկերներին և համախոհներին, որոնց քրտնաջան աշխատանքի և այս կամ այն կերպ ցուցաբերված աջակցության շնորհիվ հնարավոր եղավ գրացնել այս արդյունքը: Պայքարը շարունակվում է, միշտ միասին», - գրել է Կիվիրյանը։

Հիշեցնենք, 2013 թվականին Կոմիտաս 5-ի բողոքի ակցիաներից մեկի ժամանակ ոստիկանությունը բերման ենթարկեց Արգիշտի Կիվիրյանին։ Կիվիրյանը հանցագործության մասին հաղորդում տվեց, թե բաժին տանելիս ոստիկանական մեքենայի մեջ իր նկատմամբ բռնություններ են գործադրվել։ Սակայն քերական գործ հարուցվեց ոչ թե Կիվիրյանի, այլ ոստիկանի հաղորդման հիման վրա, ըստ որի՝ բողոքի ակցիայից բերման ենթարկվելիս Արգիշտի Կիվիրյանը բռունցքով հարվածել է իրեն, կծել։

Կիվիրյանի դեմ քրեական գործ հարուցվեց Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG