Մատչելիության հղումներ

Ծեծված գործարարն ընդունել է Ռուբեն Հայրապետյանի հաշտության առաջարկը


Ծեծի ենթարկված Արսեն Ավետիսյանը հիվանդանոցում, Երևան, 17-ը օգոստոսի, 2015թ․

Ծեծի ենթարկված Արսեն Ավետիսյանը հիվանդանոցում, Երևան, 17-ը օգոստոսի, 2015թ․

Արսեն Ավետիսյանն ու նրա ընտանիքի անդամներն այլևս ձեռնպահ են մնում միջադեպի մեկնաբանություններից

5 օր առաջ դաժան ծեծի ենթարկված, կոտրվածքներով ու բազմաթիվ կապտուկներով հիվանդանոց տեղափոխված «Էյր Արմենիա» ընկերության 51 տոկոսի սեփականատեր Արսեն Ավետիսյանը, ով պնդել էր, որ իրեն ծեծի են ենթարկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի ներկայությամբ ու անձամբ նրա հրամանով, այսօր արդեն հայտարարում է, թե որևէ բողոք չունի և պատրաստ է սեղմել իրեն պարզված հաշտության ձեռքը։

«Էյր Արմենիա» ընկերության մամուլի խոսնակ Սիրական Համբարձումյանի խոսքով, հաշտության առաջարկն արել է անձամբ Ռուբեն Հայրապետյանը, ընդ որում՝ հենց ծեծկռտուքի հաջորդ օրը։

«Նման որոշում եղավ, որովհետև ինվեստիցիաները վտանգի տակ էին, ինվեստորները մտահոգություն էին հայտնել այդ դեպքերի կապակցությամբ, դրա համար էլ գնացինք հաշտության», - «Ազատության» հետ զրույցում նշեց նա:

Միջադեպը տեղի էր ունեցել Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանի հարևանությամբ գտնվող Ֆուտբոլի ակադեմիայում։ Ուշագրավ է, որ դեպքից հետո պարբերաբար այդ մասին բարձրաձայնող, երկրի նախագահին, վարչապետին, մարդու իրավունքների պաշտպանին դիմած Արսեն Ավետիսյանի ընտանիքի անդամներն այսօր արդեն հրաժարվում են մեկնաբանություններից:

Ավիափոխադրող ընկերությունից էլ վստահեցնում են՝ գործարարին ու նրա ընտանիքին Հայրապետյանը չի սպառնացել, իսկ հաշտության առաջարկի ընդունումը կապված է բացառապես «Էյր Արմենիա»-ի ճակատագրի հետ։

Մինչդեռ իրավապաշտպանները թերահավատ են հաշտեցման նշված վարկածի հանդեպ: Կասկածներ ունեն, որ գործարարի և իշխանության միջև համաձայնություն է կայացել:

«Չի հասկացվում, թե ինչպիսի հաշտություն է առաջարկվել, և երբ նրա ընտանիքը հանրությանը ներքաշում է այդ բռնության պատմության մեջ, նաև պետք է հաշվետու լինի հանրության առջև և ասի, թե ի՞նչ հաշտության առաջարկ է եղել, որից նա չէր կարող հրաժարվել»,-ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ու ընդգծում՝ հնարավոր է, որ հաշտեցման չգնալու դեպքում զոհ լիներ, այսինքն՝ տեղի ունենար «Հարսնաքար-2»-ը:

Արսեն Ավետիսյանին ծեծի ենթարկելու փաստով քրեական գործ մինչ այժմ չի հարուցվել, նյութերը գտնվում են քննչական կոմիտեի վարույթում։ Կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն «Ազատությանը» տեղեկացրեց, որ ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ «հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հարցին՝ քննիչները բացատրություն վերցրե՞լ են ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանից, Տռուզյանը չպատասխանեց։ Ոստիկանությունից ևս հրաժարվեցին պատասխանել այդ հարցին։

Այս դեպքի առնչությամբ, հիշեցնենք, երեկ դատապարտող հայտարարությամբ էր հանդես եկել «Էյր Արմենիա»-ի խոշոր բաժնետեր East Prospect ներդրումային ընկերությունը:

XS
SM
MD
LG