Մատչելիության հղումներ

Կաշառք ստանալու գործի նյութերով հարուցվել են նոր քրեական գործեր


Անտառներ Լոռիում, արխիվ

Անտառներ Լոռիում, արխիվ

Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու մարզի «Դսեղի» անտառտնտեսության «Դսեղ», «Մարց», «Մոտկոր», «Լորուտ» անտառպետություններում նշանակվել են ստուգումներ։

Քննչական ծառայությունը հաղորդում է, որ ստուգման արդյունքներով՝ արձանագրվել է ապօրինի հատված 164 ծառ, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է ընդհանուրը` 6 միլիոն 132 հազար 250 դրամի վնաս։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու մարզի «Դսեղի» անտառտնտեսության հիշյալ անտառպետություններում անհայտ անձի կողմից ծառերի ապօրինի հատման դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը։ Հոդվածը նախատեսում է ազատազրկում երեքից ութ տարի ժամկետով։

Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդել էր, որ «արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Տիգրան Մ.-ն հաղորդում էր տվել այն մասին, որ աշխատելով բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնում, իր աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում տեղեկացել է, որ հիշյալ անտառտնտեսությունում կատարվել են ապօրինի ծառահատումներ ու վերոհիշյալ փաստը չարձանագրելու համար անտառպետությունների ղեկավարները կաշառք են տվել առանձին պաշտոնատար անձանց»:

«Տիգրան Մ.-ի հաղորդման հիման վրա՝ մի շարք պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ, իրենց լիազորությունների շրջանակում կաշառք տվողի օգտին ակնհայտ ապօրինի անգործություն դրսևորելու համար կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննությունը շարունակվում է», - ասված է ծառայության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG