Մատչելիության հղումներ

ԵՏ հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցիչը Մոսկվայում կքննարկի ռուսական կողմի առաջարկը


Ռուսաստանում ստուգում են ներմուծված պանիրը, 6-ը օգոստոսի, 2015թ.

Ռուսաստանում ստուգում են ներմուծված պանիրը, 6-ը օգոստոսի, 2015թ.

«Ռոսսելխոզնադզոր»-ն առաջարկում է հետևել ռուսական պատժամիջոցների տակ հայտնված ապրանքների հոսքին ԵՏՄ անդամ երկրներում։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցիչ Ռոբերտ Հարությունյանն այսօր Մոսկվայում պատրաստվում է քննարկել ռուսական կողմի առաջարկը՝ հետևելու ռուսական պատժամիջոցների տակ հայտնված ապրանքների հոսքին ԵՏՄ անդամ երկրներում։ Այս մասին հաղորդում է RusArmInfo գործակալությունը, որն էլ հանդիսանում է այս քննարկման կազմակերպիչը։

Ռոբերտ Հարությունյանից բացի մյուս բանախոսը Իգոր Աբակումովն է՝ Ռուսաստանի ագրարային լրագրողների միության նախագահը։

Ինչպես հաղորդում է գործակալությունը, բանախոսները քննարկելու են Ռուսաստանում սննդամթերքի ներմուծման նկատմամբ հսկողություն իրականացնող «Ռոսսելխոզնադզոր»-ի առաջարկը, որը վերաբերում է ԵՏՄ անդամ երկրների տարածքում պատժամիջոցների ցանկում հայտնված ապրանքներին հետևելու և բուսասանիտարական, անասնաբուժական փաստաթղթեր տրամադրելու էլեկտրոնային վերահսկողության միասնական համակարգ ստեղծելու նախաձեռնությանը։

«Ռոսսելխոզնադզոր»-ի այս առաջարկը ուղարկվել է ԵՏՄ երկրների համապատասխան կառույցներին։ Նախաձեռնության հեղինակներների համոզմամբ՝ միասնական համակարգի ստեղծումը կօգնի կանխարգելել «հալածանքների ենթակա» արևմտյան սննդամթերքի հնարավոր մուտքը Ռուսաստան՝ ԵՏՄ անդամ երկրներից։

Քննարկման ընթացքում մասնակիցները փորձելու են հասկանալ, թե ինչ արդյունք կարող է տալ տվյալների փոխանակման նման կարգը, ինչպես նաև դաշինքի անդամների նոր համակարգին միանալու պատրաստակամությունը։

Հիշեցնենք, Ռուսաստանը արգելել է սննդի մուտքը Ավստրալիայից, Կանադայից, Եվրոպական միությունից, Նորվեգիայից և Միացյալ Նահանգներից:

Այս օրերին Ռուսաստանը, սննդից հետո, անցել է հոլանդական ծաղիկների ոչնչացմանը. ռուսական կողմը պնդում է, որ հոլանդական ծաղիկները կարող են վնասատու միջատներ պարունակել, և այդ պատճառով ստիպված են ոչնչացնել դրանք։

Տնտեսական պատժամիջոցներ սահմանած Եվրոպայից վրեժխնդիր լինելու համար, Ռուսաստանում անցած շաբաթ բուլդոզերներով ներկրված պանիր, մսամթերք և այլ տեսակի ապրանքներ են ոչնչացվել։

Շուրջ հինգ հարյուր տոննա ուտելիք ոչնչացնելուց հետ, ռուսական իշխանությունները հայտարարեցին, թե արևմտյան սննդի արգելքը խթանում է հայրենական արտադրությանը։

XS
SM
MD
LG