Մատչելիության հղումներ

Ուկրաինացի կինոռեժիսորի վերջին խոսքը՝ Ռուսաստանի բարեփոխման հույսով


Ուկրաինացի կինոռեժիսոր Օլեգ Սենցովը դատարանի դահլիճում, արխիվ

Ուկրաինացի կինոռեժիսոր Օլեգ Սենցովը դատարանի դահլիճում, արխիվ

Օլեգ Սենցովին ազատելու կոչով է հանդես եկել Եվրոպական ֆիլմերի ակադեմիան:

Ուկրաինացի հայտնի կինոռեժիսոր Օլեգ Սենցովին ազատելու կոչով են հանդես եկել Եվրոպական ֆիլմերի ակադեմիայի խորհրդի 15 անդամներ և Լեհաստանի կինոակադեմիայի 20 ներկայացուցիչներ:

Օլեգ Սենցովը մեղադրվում է ահաբեկչական խումբ կազմավորելու, ահաբեկչական գործողություններ կազմակերպելու, ապօրինի պայթուցիկ նյութեր պահելու մեջ:

Դոնի Ռոստովի դատարանը երեկ պահանջել է Սենցովին դատապարտել 23 տարվա ազատազրկման: Այսպես կոչված, Ղրիմի ահաբեկիչների գործով անցնող մյուս ամբաստանյալի՝ Ղրիմի բռնակցումից հետո քաղաքացիական ակտիվությամբ հայտնի Օլեքսանդր Կոլչենկոյի վերաբերյալ մեղադրողը ներկայացրել է 12 տարվա ազատազրկման պահանջ:

Երեկ Օլեգ Սենցովն իր վերջին խոսքում պնդել է, որ Ռուսաստանը բռնակցել է Ղրիմը, որ ռուսական զորքերն են պատերազմական գործողությունների հեղինակը Դոնբասում։ Հայտարարել է, որ իր խցակիցներն անձամբ են վկայում՝ ռուսական բանակի հրամանները կատարելուց հետո ներգրավվում են ռազմական գործողություններում, հետո նրանց ուղարկում են բանտ, թեև ավելի վաղ հուսադրել էին, թե նրանք հերոսներ են:

«Ես, ինչպես նաև Սաշան, ձեզանից ոչինչ չենք խնդրի, բոլորին ամեն ինչ հասկանալի է: Զավթիչների դատարանը չի կարող արդար լինել: Ոչ մի անձնական բան չկա, ձերդ գերազանցություն», - ռուսական դատական համակարգի ներկայացուցչին այսպես է դիմել կինոռեժիսորը:

Ռեժիսորն իր խոսքը հասկանալի դարձնելու համար վկայակոչել է ռուսական գրականության գլուխգործոցներից մեկը: «Պոնտացի Պիղատոսը, այդպիսի կերպար կար: Նա, նստել էր լուսնի վրա ու երկար տարիներ մտածում էր իր արարքների մասին: Հետո, երբ նրան ներեցին, զբոսնում էր լուսնի արահետով և Հա Նոցրիին ասում ՝ «գիտե՞ս, դու ճիշտ էիր, աշխարհիս երեսին ամենամեծ մեղքը վախկոտությունն է: Դա գրել է ռուս մեծ գրող Բուլգակովը՝ «Վարպետը և Մարգարիտան» գրքում, և ես համաձայն եմ նրա հետ: Վախկոտությունը ամենահիմնական, ամենաահավոր մեղքն է աշխարհում, դավաճանությունը՝ վախի մասնավոր տեսակն է»»,- ասել է կինոռեժիսոր ամբաստանյալը, որն այս պատկերավորման միջոցով վերահաստատել է պնդումը, որ նախաքննության ժամանակ իր նկատմամբ տարբեր միջոցներով, անգամ` պոլիէթիլենային տոպրակով խեղդելու սպառնալիքով են ռուս իրավապահները փորձել կորզել «ինքնախոստովանական ցուցմունքներ», որոնց բացակայության պայմաններում, առավել խոցելի է դառնում իր դեմ հարուցված քրեական գործը:

Կինոռեժիսորը, գնահատելով ռուսական լրատվամիջոցների հմտությունները, հայտարարել է` թեև շատերն են հավատում պետական քարոզչությանը, քիչ չեն նաև խելացիները, որոնք, ըստ Սենցովի, մի գեղեցիկ օր կկանգնեն և կփոխեն իրենց երկիրը:

Դատավորն այս խոսքերն ընդհատել է` հիշեցնելով մեղադրանքի մասին, ապա ասել, թե չի ցանկանում ընդհատել ամբաստանյալի խոսքը:

«Ես հասկացա, որ չեք ընդհատում, այնպես որ միակ բանը, որ մաղթում եմ Ռուսաստանի տեղեկացված բնակչությանը՝ մեկ երրորդին, չվախենալ սովորելն է», - ասել է Սենցովը։

Օլեգ Սենցովի դատավճռի հրապարակումն ակնկալվում է օգոստոսի 25-ին:

XS
SM
MD
LG