Մատչելիության հղումներ

«Էյր Արմենիա»-ի խոշոր բաժնետեր East Prospect-ը դատապարտում է հայ գործընկերոջ նկատմամբ բռնությունը


Վլադիմիր Բոբիլև, ուկրաինական East Prospect ներդրումային հիմնադրամի տնօրեն, արխիվ
Վլադիմիր Բոբիլև, ուկրաինական East Prospect ներդրումային հիմնադրամի տնօրեն, արխիվ

Վլադիմիր Բոբիլևը տագնապ է հնչեցնոմ, որ այս հարձակումը կարող է վտանգել խոշորածավալ ներդրումներ անելու՝ հիմնադրամի ծրագրերը:

Հայաստանի ավիացիայի շուկայում առաջատար դիրք զբաղեցնող «Էյր Արմենիա» ավիաընկերության խոշոր (49%) բաժնետեր՝ Ուկրաինայում տեղակայված East Prospect ներդրումային հիմնադրամն այսօր դատապարտել է ընկերության գործադիր տնօրեն և 51 տոկոսի բաժնետեր Արսեն Ավետիսյանին դաժան ծեծի ենթարկելու փաստը, ինչը, մամուլի բազմաթիվ հրապարակումների համաձայն, պատվիրվել է կառավարությանը մոտ կանգնած խոշոր գործարար Ռուբեն Հայրապետյանի կողմից:

Հիմնադրամը տագնապ է հնչեցրել, որ հարձակումը վտանգում է այդ ավիափոխադրող ընկերության մեջ խոշորածավալ ներդրումներ անելու՝ իր ծրագրերը: Հիմնադրամի տնօրեն Վլադիմիր Բոբիլևն ասում է, որ այս միջադեպը հարցեր է առաջացնում՝ կապված Հայաստանում ավիացիայի հատվածում բիզնես ծավալելու անվտանգության հետ, ինչպես նաև վնասում է Հայաստանի իմիջը օտարերկրյա ներդրողների աչքում:

«Պոտենցիալ ներդրողի առաջին հարցը վերաբերում է անվտանգությանը, մարդիկ անհանգստանում են՝ լսելով այսպիսի բաների մասին»,- այսօր «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց Բոբիլևը:

Այսօր ավելի վաղ տարածած հայտարարության մեջ հիմնադրամը նշել էր, թե նման միջադեպերը կարող են հարված հասցնել ընկերությունում ներդրումներ անելու հեռանկարին և ծրագրված բարեփոխումների իրականացմանը: «Մենք հորդորում ենք Հայաստանի իշխանություններին և բոլոր ներգրավված կողմերին օրինական ուղի գտնել խնդիրը լուծելու համար»,-նաև նշված է հիմնադրամի հայտարարության մեջ:

«Էյր Արմենիա» ընկերության 51 տոկոսի բաժնետեր Ավետիսյանը դաժան ծեծի էր ենաթարկվել և հիվանդանոց էր տեղափոխվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, խոշոր գործարար Ռուբեն Հայարապետյանի հետ ունեցած հանդիպումից հետո: Նա պնդում է, որ իրեն ծեծել են Հայրապետյանի թիկնապահները, խուսափելով, սակայն, պատճառներ նշել: Ավետիսյանի կինն այս միջադեպը կապում է մեկ այլ՝ «Տարոն Ավիա» ընկերությանն ունեցած խոշոր պարտքի հետ, որը, «զիջվել է» Հայրապետյանին:

Հայաստանի իրավապահները սկսել են հետաքննել այս գործը, սակայն դեռևս ձերբակալվածներ և կալանավորվածներ չկան:

East Prospect հիմնադրամը մտադիր էր նոր շունչ հաղորդել «Էյր Արմենիա» ընկերության գործունեությանը, երբ 2014-ին ձեռք բերեց ընկերության 49 տոկոսի բաժնեմասը: Ծրագրված ներդրումները միտված պետք է լինեին ընկերության թռիչքների վերականգնմանն ու ընդլայնմանը:

«Ազատության» հարցին ի պատասխան՝ ե՞րբ կարելի է ակնկալել «Էյր Արմենիա»-ի թռիչքների վերսկսումը, Վլադիմիր Բոբիլևն ասաց․ «ես այդ հարցին կպատասխանեի չորս օր առաջ, բայց առայժմ դադար կվերցնեմ և կսպասեմ մինչև սեպտեմբեր»

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG