Մատչելիության հղումներ

Թուրքիայում սաստկանում են բախումները ՔԲԿ-ի զինյալների և իրավապահների միջև


Դիարբեքիրի Լիջե շրջանում բախումները շարունակվում են: 18-ը օգոստոսի, 2015 թ․
Դիարբեքիրի Լիջե շրջանում բախումները շարունակվում են: 18-ը օգոստոսի, 2015 թ․

Թուրքիայում օրըստօրե սաստկանում են Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) զինյալների և իրավապահ ուժերի միջև բախումները։

Երեկ գիշեր Ստամբուլի Էսենլեր թաղամասում ՔԲԿ-ի երիտասարդական թևի 15 դիմակավոր անդամներ հարձակվել են պարեկային ծառայության ոստիկանների վրա։ Փոխհրաձգության հետևանքով 17-ամյա ահաբեկիչ է զոհվել, 4 մարդ ձերբակալվել է։

Անցած գիշերվա ընթացքում բախումներ են եղել նաև Դիարբեքիր - Բինգյոլ ավտոմայրուղում։ Թուրք զինվորները հարձակվել են մայրուղին փակած 100-150 հոգանոց խմբի վրա։ Թուրքական բանակի գլխավոր շտաբի հաղորդմամբ՝ բախումների արդյունքում երկու զինվոր է զոհվել, մեկը վիրավորվել է։ Երեք զինվոր էլ զոհվել է Լիջե շրջանում գրանցված բախումների հետևանքով։ Այսօր էլ Թուրքիայի Սիիրտ նահանգում քրդերը պայթեցրել են թուրք զինվորներին տեղափոխող մեքենան։ Զոհվել է 8 զինվոր։

Քուրդիստանի բանվորական կուսակցության երիտասարդական թևի զինյալները արդեն 3 օրն է ակտիվ գործողություններ են իրականացնում քրդաբնակ Դիարբեքիրի նահանգի Սիլվան, Լիջե և Հաքյարիի նահանգի Շեմդինլի շրջաններում։

Մասնավորապես, Սիլվանում քուրդ զինյալները փակել են 4 թաղամասերի մուտքը, փողոցներում բարիկադներ կառուցել, որոնց մի մասը ականապատ է։ Ըստ «ԲԲՍ Թյուրք»-ի, տարածքում չկա ջուր, էլեկտրաէներգիա և հեռախոսակապ։ Սիլվանում և Լիջեում երեկ գիշերը հայտարարված՝ փողոց դուրս չգալու հրահանգը այսօր դադարել է գործել։ Այդուհանդերձ շրջակա բնակավայրերում վախի մթնոլորտ է տիրում, շատերը շտապում են լքել վտանգավոր դարձած շրջանը։ Ասում են՝ Սիլվանը վերածվել է սիրիական Քոբանիի, որտեղ տարեսկզբին պայքար էր ընթանում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ:

Թուրքիայի արևելյան և հարավ-արևելյան հատվածներում, որոնք հիմնականում քրդաբնակ են, այսօրվա դրությամբ շուրջ 100 շրջան իշխանությունների կողմից անվտանգության հատուկ գոտի է հայտարարվել։ Այնտեղ, ըստ էության, ռազմական դրություն է։ Վերջին մի քանի օրվա ընթացքում ավելի քան 30 քուրդ զինյալ սպանվել կամ ձերբակալվել է։ Ոստիկանական բաժանմունքում են հայտնվել Դիարբեքիրի Սուր և Սիլվան վարչական շրջանների ղեկավարները, որոնց մեղադրում են ինքնավարություն հռչակելու մեջ։

Թուրքական իրավապահ ուժերը չեն դադարում ռազմական գործողություններ իրականացնել քուրդ զինյալների դեմ, իսկ վերջիններս էլ հայտարարել են, որ շարունակելու են իրենց պայքարը։

Իսկ արևմտյան մամուլը, մասնավորապես բրիտանական «Դեյլի Թելեգրաֆ» պարբերականը, գրում է, որ Թուրքիան ներքաղաքական պատերազմի շեմին է հայտնվել։

XS
SM
MD
LG