Մատչելիության հղումներ

«Դ!եմ եմ»-ն ու ՀԽ-ն ոստիկանությունից հետ են պահանջում իրենց բարձրախոսները


ՀԽ-ից Գևորգ Սաֆարյանն ու «Դ!եմ եմ» շարժումից Հարություն Աղլամազյանը մամուլի ասուլիսի ժամանակ, 19-ը օգոստոսի, 2015թ.
ՀԽ-ից Գևորգ Սաֆարյանն ու «Դ!եմ եմ» շարժումից Հարություն Աղլամազյանը մամուլի ասուլիսի ժամանակ, 19-ը օգոստոսի, 2015թ.

Նախաձեռնությունները հայտարարում են՝ եթե առաջիկայում սարքերը չվերադարձվեն, բողոքի ցույցեր կանցկացնեն։

Կենսաթոշակային կուտակային համակարգի դեմ պայքարող «Դ!եմ եմ» շարժումը հայտարարում է, որ մեկ տարի է ոստիկանությունը առգրավել է իրենց բարձրախոսն ու թմբուկը և չի վերադարձնում։

«Հիմնադիր խորհրդարան»-ը ևս պնդում է, որ իրավապահները իրենցից մոտ տասը բարձրախոս են վերցրել, երկուսի մասով վարույթը ավարտվել է, դատարանի որոշումը կա, սակայն բարձրախոսները չեն վերադարձվում։

«Կենտրոնի իրավաբանական խորհրդատուն, փոխգնդապետ՝ Սոնա, ազգանունը չեմ հիշում, ինձ ասաց՝ «դատարանի որոշումն ունեմ, բայց բարձրախոսը չեմ տալիս»։ Ես դիմեցի ոստիկանապետին՝ Կենտրոնի, ինքը ինձ ասաց՝ «վաղը կգաս, հարցը կլուծվի», գնում եմ՝ հերթապահությունից ներս չեն թողնում։ Ակնհայտ է, որ ռեժիմը հրաման ունի բարձրախոսներն առգրավելու», - ասաց նախաձեռնության անդամ Գևորգ Սաֆարյանը։

Սաֆարյանը պնդում է, որ ոստիկանությունում իրեն ասել են, թե բարձրախոսը իրավախախտման գործիք է։

«Դ!եմ եմ» շարժումից Հարություն Աղլամազյանն էլ պնդում է, որ սկզբում ոստիկանությունը ընդհանրապես չէր ընդունում, որ իրենցից բարձրախոս են առգրավել։ Երբ ցույց են տվել տեսանյութը, ոստիկանությունից պատասխանել են, որ վարույթ է ընթանում, և դա կցված է գործին։

«Իշխանությունները նոր մարտահարավերներ են նետում հանրությանը, և հանրությունը պետք է մի ինչ-որ ձևով իր ձայնը բարձրացնի։ Եթե չի կարողանում, այդ հնարավորությունը չի տրվում, ուրեմն ավելի վատ երևույթներ կարող են ի հայտ գալ, որը կարող է անկանխատեսելի արդյունքներ բերել», - ասաց Աղլամազյանը։

Առգրավված բարձրախոսների արժեքը տարբեր է՝ մինչև 1000 դոլար։ Տեխնիկայի վաճառասրահներում դրանց գինը մոտ 500 հազար դրամ է։ Ակտիվիստների խոսքով, առաջիկայում բողոքի ցույցեր են անցկացնելու, քանի որ խնդիրները շատ են՝ էլեկտրաէներգիայի սակագին, սահմանադրական բարեփոխումներ, և այդ ցույցերում իրենց բարձրախոսներ պետք են գալու։

«Եթե տոտալիտար Հյուսիսային Կորեայում ձայնը սահմանափակում են մահակով, կամ ձերբակալությամբ, մեզ մոտ ընդամենը ձևն է փոխվել, բովանդակությունը նույն է՝ ձայնը սահմանափակում են, բայց սրանք ավելի խորամանկ են գտնվել՝ սահմանափակում են գործիքը վերցնելով», - ասաց Սաֆարյանը։​

«Ազատության» հարցին թե ինչու բարձրախոսները չեն վերադարձվում, Ոստիկանության իրավաբանական վարչության պետ Հովհաննես Քոչարյանը պատասխանեց, որ օրենքով վերցված իրերը պետք է վերադարձվեն միայն տերերին, իսկ բարձրախոսները հետ պահանջողները ապացույցներ չեն ներկայացրել․ - «Տեխնիկայի նկատմամբ սեփականության իրավունքը իրավունքը հավաստող փաստաթուղթ, փաստաթուղթ, որ այդ գույքը պատկանում է դիմումատուներին: Կարող է մենք բարձրախոսը վերադարձնեինք նրանց, և ուրիշ սեփականատեր հայտնվեր և ասեր՝ գիտեք ինչ, այդ գույքը մերն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG