Մատչելիության հղումներ

logo-print

Ուկրաինայի նախագահի աշխատակազմը այս տարի մոտ 18 հազար շիշ ալկոհոլ է գնել


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն այցելում է Դոնեցկի տարածաշրջան, օգոստոս, 2015թ․

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն այցելում է Դոնեցկի տարածաշրջան, օգոստոս, 2015թ․

Ուկրաինայի պետական գործերի վարչությունը, որն զբաղվում է երկրի նախագահի կենցաղի կազմակերպմամբ, այս տարի պետական ընդունելությունների համար նախատեսել է ավելի քան 45 միլիոն դոլար, ինչը 6 միլիոն դոլարով ավելի է, քան անցյալ տարի: Միայն նախագահի սննդի համար այս տարի հատկացվել է 1 միլիոն դոլար:

Բյուջետային ծախսերի այս բաժնի մանրամասները գաղտնի են պահվում, այդ պատճառով դժվար է պատկերացում կազմել Պետրո Պորոշենկոյի ճաշացանկի մասին: Այդուհանդերձ, 2015-ի երկրորդ կիսամյակում վարչությունը պլանավորում է ձեռք բերել 550 հազար դոլարի ալկոհոլ, շոկոլադ, երշիկեղեն և այլ ուտեստներ: Միայն ալկոհոլային խմիչքների քանակը 17 հազար 754 շիշ է, այդ թվում՝ թանկարժեք կոնյակ և 12-ամյա հնության վիսկի․ խմիչքների ցանկը ընդհանուր առմամբ 7 էջից է բաղկացած:

Այս ամենը ձեռք է բերվում մի ժամանակահատվածում, երբ երկրում դեռևս կամավորականներն են ուտելիք հայթայթում Դոնբասում հակաահաբեկչական գործողություններ իրականացնող զինվորների համար:

Այն բանից հետո, երբ «Ազատության» ուկրաինական ծառայությունը հրապարակել է այս տեղեկությունները, Պետական գործերի վարչությունը խնդրել է հերքել տեղեկատվությունը: Ոչ թե այն բանի համար, որ շշերի քանակը սխալ էր նշված, այլ որ այդ խմիչքները նախատեսված են ոչ միայն նախագահի, այլ նաև նրա հյուրերի, ինչպես նաև Ազգային անվտանգության խորհրդի, կառավարության և այլ կառույցների համար: Լրագրողներին նաև բացատրել են, որ այդ ծախսերն իրականացվելու են կոմերցիոն գործունեությունից ստացված միջոցների հաշվին:

Ուկրաինայի պետական գործերի վարչությունը գործում է մի շարք պետական դուստր ձեռնարկությունների միջոցով, օրինակ՝ «Գարանտ Սերվիս»-ը կերակրում է երկրի առաջին դեմքերին, իսկ «Ուկրաինա» ընկերությունը կազմակերպում է օդային չվերթներ: Վիկտոր Յանուկովիչի նախագահության օրոք այդ կառույցը հայտնի էր իր գաղտնիությամբ, իսկ ղեկավարը, ինչպես հետո պարզվել է YanukovychLeaks նախագծից, եղել է այն անձանցից մեկը, ում միջոցով Յանուկովիչը հողատարածքներ և սեփականություն ձեռք բերելու սխեմաներ էր կյանքի կոչում: Իշխանափոխությունից հետո կառույցում բարեփոխումներ չեն իրականացվել, թեև վարչության պետ Սերգեյ Բերեզենկոն իր բլոգում շուրջ մեկ տարի առաջ գրել էր, թե իրենց գլխավոր սկզբունքը պետք է լինի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: Մինչդեռ նախագահին մթերքներ մատակարարող և ծառայություններ մատուցող ընկերությունների մրցույթները շարունակում են ոչ թափանցիկ և գաղտնի ձևով անցկացվել, ու հիմնականում հաղթում են հին ծանոթները, ինչպես, օրինակ, նույն «Գարանտ Սերվիս»-ը, գրում է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը:

XS
SM
MD
LG