Մատչելիության հղումներ

logo-print

Փորձագետը Ադրբեջանում ռադիոլոկացիոն կայանի ծրագրերում վտանգ է տեսնում Հայաստանի համար


Ադրբեջան - «Դարյալ» ռադիոլոկացիոն կայանը Գաբալայում, արխիվ

Ադրբեջան - «Դարյալ» ռադիոլոկացիոն կայանը Գաբալայում, արխիվ

Սակայն, ըստ Ռուբեն Մեհրաբյանի, վաղաժամ մտահոգվելու առիթ գոնե այս պահին չկա։

Ադրբեջանում Ռուսաստանի կողմից ռադիոլոկացին կայանի կառուցման մասին լուրը, Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի տպավորությամբ, «ավելի շատ փորձ է՝ շոշափելու տրամադրությունները թե՛ Ադրբեջանում, թե՛ Ադրբեջանի ղեկավարության մոտ, թե՛ տարածաշրջանում՝ այս հնարավորության նկատմամբ»։ Այդ մասին քաղաքագետը ասաց «Ազատության» հետ զրույցում:

Հիշեցնենք՝ օրերս ռուսական «Զվեզդա» հեռուստաընկերությունը հաղորդեց, որ, ամենայն հավանականությամբ, 2017 թվականին Ռուսաստանը կսկսի ռադիոտեղորոշիչ կայան կառուցել Ադրբեջանի տարածքում։

Նախկինում Ռուսաստանը վարձակալության պայմանով շահագործում էր Ադրբեջանի Գաբալա քաղաքի մոտակայքում գտնվող «Դարյալ» ռադիոլոկացիոն կայանը։ Երեք տարի առաջ ադրբեջանական կողմը փորձեց բարձրացնել վարձակալման գինը, ընդ որում, կտրուկ՝ 7 միլիոն դոլարից հասցնելով 300 միլիոնի, ինչի արդյունքում Մոսկվան հրաժարվեց կայանից։

«Ես չեմ կարծում, որ Ռուսաստանն այսօր, հենց այդպես, պատրաստ է Ադրբեջանում կառուցել այդ ռադիոլոկացիոն կայանը, և չեմ կարծում, որ Ադրբեջանն ինքն է պատրաստ ընդունելու այդ որոշումը Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի փակումից հետո։ Սակայն, շատ կարևոր իրադարձություն է սա՝ այն առումով, որ ցույց է տալիս Ռուսաստանի ցանկությունները տարածաշրջանում։ Պաշտոնական Բաքվի լռությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանն այստեղ նաև փորձում է տեսնել ինչ-որ հնարավորություն իր համար», - ասաց Մեհրաբյանը։

Փորձագետը վաղաժամ մտահոգվելու առիթ գոնե այս պահին չի տեսնում, սակայն հավելում է. - «Եթե տեսականորեն ընդունենք, որ այդ քաղաքական որոշումն ընդունված է Մոսկվայի և Բաքվի կողմից, և ռադիոլոկացիոն կայանը սկսելու են կառուցել, ապա դա կլինի շատ վտանգավոր զարգացում Հայաստանի համար»։

Ըստ Մեհրաբյանի, Երևանը պետք է իր բոլոր կարողությունները մոբիլիզացնի դա թույլ չտալու համար կամ Ռուսաստանին ցույց տալու իր համար շատ անցանկալի այլընտրանքները, որոնց առաջ կարող է Երևանը կանգնեցնել Ռուսաստանին:

«Սա ոչ միայն դաշնակցային քայլ չէ, այլ սա ուղղակի լրջագույն հարված է Հայաստանի հնարավորություններին՝ այն առումով, որ սա, փաստորեն, Ադրբեջանին մի հզոր լծակ է տալիս՝ ճնշումներ գործադրելու Ռուսաստանին ղարաբաղյան հարցում իր կողմից ցանկալի դիրքորոշում որդեգրելու համար», - ասաց Մեհրաբյանը։

Փորձագետի խոսքով, այդ ռադիոլոկացիոն կայանն ուղղված է լինելու դեպի հարավ, և դրա ալիքները պետք է անցնեն Իրանի վրայով։ Նրա համոզմամբ՝ Հայաստանը պետք է նաև Իրանի հետ բարեկամական կապերը գործի դնի դա թույլ չտալու համար։

XS
SM
MD
LG