Մատչելիության հղումներ

«Այս դատը ծայրից ծայր կեղծիք է»


Ադրբեջան - Խադիջա Իսմայիլովայի մայրը` Էլմիրա Իսմայիլովան, Բաքու, 18-ը օգոստոսի, 2015թ.
Ադրբեջան - Խադիջա Իսմայիլովայի մայրը` Էլմիրա Իսմայիլովան, Բաքու, 18-ը օգոստոսի, 2015թ.

Ըստ փաստաբանի, դատավորն օր առաջ ուզում է ավարտել դատը։

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր վերսկսվել է հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի դատավարությունը։

39-ամյա լրագրողը, ով «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակիցն է, միջազգային մի շարք մրցանակների դափնեկիր է և բազում հրապարակումներով ներկայացրել է Իլհամ Ալիևի գերդաստանի և նրա մտերիմների աղաղակող ապօրինությունները, Ադրբեջանում մեղադրվում է ֆինանսական մեքենայությունների, հարկերից խուսափելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու հոդվածներով։

Բացի այդ, նրան ներկայացրել են քաղաքացուն ինքնասպանության փորձի հասցնելու մեղադրանք։ Ի դեպ, այդ քաղաքացին` լրագրող Թուրալ Մուստաֆաևը, հետագայում հրաժարվել է իր ցուցմունքից։

Արևմտյան իրավապաշտպան կազմակերպությունները պնդում են, որ Ադրբեջանի դատարանը բացառապես քաղաքական դրդապատճառներով է հետապնդում լրագրողին և ունի երկու նպատակ` վրեժ լուծել կոռուպցիայի փաստերը բացահայտելու համար ու վախեցնել բոլոր մնացած լրագրողներին, հասարակական ակտիվիստներն և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։

Խադիջայի մայրը` Էլմիրա Իսմայիլովան, այսօրվա լսումներից առաջ դատարանի շենքի մոտ հավաքված լրագրողներին ասել է․ - «Այս դատը ծայրից ծայր կեղծիք է»։

Նրա խոսքերով, դատավորն արդեն մերժել է պաշտպանական կողմի ներկայացրած մի շարք միջնորդությունները, այդ թվում՝ փաստաբանների հետ խորհրդակցելու համար ամբաստանյալին ևս մեկ շաբաթ տրամադրելու դիմումը։ Բացի այդ, նախագահող դատավոր Ռամելա Ալահվերդիևան անտեսել է դահլիճում նոր վկաների հարցաքննելու փաստաբանի պահանջը և մերժել է դատական նիստի օրերին ամբաստանյալին երկու ժամ հանգիստ տրամադրելու դիմումը։

Այսօր Խադիջա Իսմայիլովան նորից ներկայացրել է դատավորների կազմը փոխելու միջնորդություն, սակայն, ինչպես և ենթադրվում էր, Ռամելա Ալահվերդիևան այն վերստին մերժել է։

Մեղադրող Ռամազան Խադիևը հայտարարել է, որ արդեն բավարար թվով վկաներ ցուցմունքներ են տվել, նոր ցուցմունքների կարիք չկա։ Խադիևի պնդմամբ՝ Իսմայիլովայի մեղքն ապացուցված է․ - «Կարծում եմ, Խադիջա Իսմայիլովան և նրա փաստաբանները միջնորդություններ են ներկայացնում սոսկ դատական գործընթացը ձգձգելու համար»:

Իսմայիլովայի փաստաբան Ջավադ Ջավադովն այդ մերժումներից հետո լրագրողներին ասել է, որ դատարանն «անթաքույց ամեն բան անում է գործընթացը հնարավորինս արագ ավարտին հասցնելու համար»։ «Դատն ապօրինի է և անարդար, հիմա մենք ուսումնասիրում ենք փաստաթղթերը, պատրաստվում ենք հաջորդ նիստին», - նշել է նա։

Խադիջա Իսմայիլովան անցյալ տարվա դեկտեմբերից գտնվում է բանտում։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ալի Հասանովը լրագրողի ձերբակալությունից օրեր անց հայտարարել է, թե Իսմայիլովայի դեպքում ոչ մի քաղաքական հետապնդում չկա։

Այսօրվա նիստն ավարտվել է, վաղվա նիստում, հավանաբար, ելույթ կունենա մեղադրողը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG