Մատչելիության հղումներ

Ռուսաստանի դատախազության թեժ գիծը՝ ընդդեմ արգելված սննդամթերքի


Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկա, արխիվ

Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկա, արխիվ

Ռուսական հեռուստաալիքները ցուցադրում են արգելված պանրի ներկրման, տեղափոխման և պահելու կասկածանքով 6 անձանց ձերբակալության կադրերը:

Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անհաշտ պայքար է սկսել Եվրամիությունից ներկրվող և տեղափոխվող սննդամթերքի դեմ: Դատախազությունում գործում է թեժ գիծ, որի միջոցով քաղաքացիները կարող են փոխանցել «հաղորդումներ արգելված սննդի ներկրման և իրացման փաստերի վերաբերյալ»:

Դատախազությունը պնդում է՝ «անբարեխիղճ ներկրողներն այդ սննդամթերքը բերում են առանց որակի վերահսկողության»: Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե դա «վտանգավոր է մարդկանց առողջության համար»՝ ակնկալելով սննդամթերքի վերաբերյալ հաղորդումների ակտիվություն:

Ռուսական հեռուստաալիքները ցուցադրում են արգելված պանրի ներկրման, տեղափոխման և պահելու կասկածանքով 6 անձանց ձերբակալության կադրերը: Ոստիկանությունը որպես բացահայտված հանցագործություն է ներկայացնում արտերկրից 2 միլիարդ ռուբլու՝ շուրջ 30 միլիոն դոլարի ներկրված պանրի հայտնաբերման փաստը: Սանկտ Պետերբուրգի ոստիկանությունը հայտնաբերել է նաև պանրի արտադրության համար անհրաժեշտ 470 տոննա հումք:

Ռուսաստանն արգելում է Եվրամիությունից, նաև մի շարք այլ երկրներից՝ Միացյալ Նահանգներից, Ավստրալիայից, Կանադայից, Նորվեգիայից պարենի ներկրումը:

Անցած շաբաթ Ռուսաստանն արգելեց նաև Ալբանիայից, Մոնտենեգրոյից, Իսլանդիայից, Լիխտենշտեյնից և Ուկրաինայից սննդամթերքի ներկրումը:

Օգոստոսի 6-ից Ռուսաստանը ոչնչացնում է արգելքի շրջանցմամբ երկիր ներկրված սննդամթերքը: Այդ նպատակով հատուկ հանձնաժողով է ստեղծվել:

Եվրամիությունից ներկրված ապրանքները ոչնչացնելու վերաբերյալ նախագահ Վլադիմիր Պուտինի հուլիսի 29-ի հրամանագիրը դատարանում վիճարկում է Ռուսաստանի սպառողների միությունը:

Պետական դումայում շրջանառության մեջ է դրվել օրինագիծ, որով առաջարկվում է արգելված սննդի հայտնաբերման դեպքում տրամադրել անապահովներին:

Change.org կայքում ստորագրահավաքն ընդդեմ սննդի ոչնչացման շարունակվում է, մոտ 400 հազար քաղաքացի պահանջում է հրաժարվել Պուտինի նախընտրած պարենային պատերազմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG