Մատչելիության հղումներ

Գյուղնախարարը աշխատանքային այցով Վրաստանում է


Լուսանկարը՝ Հայաստանի գյուղնախարարության
Լուսանկարը՝ Հայաստանի գյուղնախարարության

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը այցելել է Աջարիայի ագրոսերվիս կենտրոն:

Հայաստանի գյուղնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, կենտրոնը գտնվում է Բաթումիում և հիմնվել է ՄԱԿ-ի Զարգացման գործակալության միջոցով` Եվրամիության ֆինանսավորմամբ։

Կարապետյանը Վրաստանի և Աջարիայի գյուղնախարարներ Օթար Դանելիայի և Զաուր Պուտկարաձեի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթացել տեխնիկական հնարավորություններին, մատուցվող ծառայությունների շրջանակին:

Հայաստանի գյուղնախարարին տեղեկացրել են, որ կենտրոնը զբաղվում է գիտական աշխատանքներով, այստեղ իրականացվում են տարբեր գիտափորձեր, մասնավորապես՝ հատապտուղների նոր սորտերի փորձարկումներ:

Նախարարներն այցելել են կենտրոնի հարևանությամբ գտնվող ջերմոցային տնտեսություն, որտեղ ելակի մշակություն է իրականացվում, և խաղողի փորձնական այգի:

Այցելության առաջին օրը Կարապետյանը ծանոթացել է նաև ձկնաբուծության ոլորտում վրացական փորձին: Նախարարը եղել է «Իխտիոսի» ձկնաբուծարանում, որտեղ արտադրությունն իրականացվում է փակ շրջապտույտով ջրամատակարարման համակարգով:

Իսկ նախօրեին նախարարը Թբիլիսում հայ համայնքի ներկայացուցիչների հետ Սուրբ Էջմիածին եկեղեցում մասնակցել է Խաղողօրհնեքի արարողությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG