Մատչելիության հղումներ

Ռուսաստանը ռադիոտեղորոշիչ կայան կկառուցի Ադրբեջանի տարածքում


«Դարյալ» ռադիոլոկացիոն կայանը Ադրբեջանի Գաբալա քաղաքի մոտակայքում, արխիվ

«Դարյալ» ռադիոլոկացիոն կայանը Ադրբեջանի Գաբալա քաղաքի մոտակայքում, արխիվ

Ռուսաստանցի փորձագետի խոսքով, հարցի շուրջ այսօր բանակցություններ են ընթանում, վերջնական որոշում, սակայն, դեռ չկա։

Ամենայն հավանականությամբ՝ 2017 թվականին Ռուսաստանը կսկսի ռադիոտեղորոշիչ կայան կառուցել Ադրբեջանի տարածքում։

Հիշեցնենք՝ նախկինում Ռուսաստանը վարձակալության պայմանով շահագործում էր Ադրբեջանի Գաբալա քաղաքի մոտակայքում գտնվող «Դարյալ» ռադիոլոկացիոն կայանը։ Երեք տարի առաջ ադրբեջանական կողմը փորձեց բարձրացնել վարձակալման գինը, ընդ որում, կտրուկ՝ 7 միլիոն դոլարից հասցնելով 300 միլիոնի, ինչի արդյունքում Մոսկվան հրաժարվեց կայանից։ Սակայն մի քանի տարի անց, ըստ ռուսական «Զվեզդա» հեռուստաընկերության, Ռուսաստանը որոշում է վերադառնալ Ադրբեջան։

Ռազմական հարցերով ռուսաստանցի փորձագետ, ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ հարցի շուրջ այսօր բանակցություններ են ընթանում, վերջնական որոշում, սակայն, դեռ չկա։

«Հակառակ դեպքում մենք կիմանայինք, թե ինչ կայանի մասին է խոսքը։ Կայանն ուղղված է լինելու դեպի Իրան, ինչը չի կարող հարցեր չառաջացնել Թեհրանում, և հավանաբար Մոսկվան ու Թեհրանը նախօրոք կքննարկեն կայանի հարցը», - ասաց փորձագետը՝ հավելելով, որ, անշուշտ, հարցեր կառաջանան նաև Երևանի մոտ։

«Երևանը դժգոհ է ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունից։ Հատկապես դժգոհ է, որ Մոսկվան մեծ քանակով զենք է վաճառում Բաքվին, այդ թվում ՝ այնպիսի զենք, որը կարող է օգտագործվել խաղաղ բնակչության դեմ։ Այս նոր համագործակցությունը Երևանին նույնպես չի ուրախացնի», - ասաց ռուսաստանցի փորձագետը։

Եվսեևի կարծիքով՝ ռուսական կողմը կփորձի բացատրել Երևանին, թե ինչ համագործակցության մասին է խոսքը։ Նա ընդգծեց, որ Ռուսաստանի համար այսօր չափազանց կարևոր է համագործակցությունը Ադրբեջանի հետ բոլոր բնագավառներում։

Թե՛ Իրանի շուրջ նոր զարգացումները, թե՛ ռուս-ադրբեջանական այս նոր համագործակցությունը չեն կարող չփոխել տարածաշրջանը և չեն կարող չազդել ղարաբաղյան խնդրի շուրջ ծավալվող գործընթացների վրա, սակայն, ռուսաստանցի փորձագետի պնդմամբ, Մոսկվայի համար Ղարաբաղի հարցում ձեռնտու է ստատուս քվոն։ «Մոսկվան նաև այս նոր ռազմական համագործակցությունը կօգտագործի Ադրբեջանին զսպելու համար», - ասաց Վլադիմիր Եվսեևը։

XS
SM
MD
LG