Մատչելիության հղումներ

Թուրքիայի հայկական միակ գյուղում՝ Սիրիայի հետ սահմանակից Վաքըֆլըում նշվել է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը:

Պատարագը մատուցել են Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Վաքըֆլըի քահանա տեր Ավետիս Թաբաշյանը։

Պատարագից հետո արքեպիսկոպոս Աթեշյանը խաղողօրհնեքի արարողություն է կատարել։ Տոնի առիթով Վաքըֆլըում Մուսա լեռան շրջանում գտնվող երբեմնի 7 հայկական գյուղերը խորհրդանշող 7 կաթսայով հարիսա են եփել։

Տոնին մասնակցել են թուրքական խորհրդարանի հայազգի պատգամավորներ Սելինա Դողանը և Գարո Պալյանը, բարձրաստիճան հյուրեր, արտերկրից եկած հայեր։

Ամեն տարի Վաքըֆլըում ավանդաբար անցկացվող տոնին այս տարի ավելի քիչ մարդ է մասնակցել։ Գյուղի բազմամյա գյուղապետ Պերճ Քարթունը «Ակօս»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, թե պատճառը երկրում առկա անկայուն իրավիճակն է. շատերը ահաբեկված են տարածքում ակտիվացած թուրք-քրդական բախումներից:

Թուրքիայի միակ հայկական գյուղը գտնվում է Հաթայի նահանգի Սամանդաղ շրջանում՝ Մուսա լեռան լանջերին։ Շուրջ 130 հայ բնակիչ ունեցող գյուղը բացառապես հայերով բնակեցված միակ բնակավայրն է Թուրքիայում։

XS
SM
MD
LG