Մատչելիության հղումներ

Ռուսական սանկցիաների ցանկում՝ ամերիկյան գինիներ


Ռուսաստան - Բողոքի ակցիա պարենի ոչնչացման դեմ, Մոսկվա, 15-ը օգոստոսի 2015թ.

Ռուսաստան - Բողոքի ակցիա պարենի ոչնչացման դեմ, Մոսկվա, 15-ը օգոստոսի 2015թ.

«Ռոսպոտրեբնադզոր»-ը վնասակար բաղադրիչներ է գտնում միայն Ռուսաստանի հետ քաղաքական խնդիրներ ունեցող երկրներում արտադրված մթերքում։

«Ռոսպոտրեբնադզոր» դաշնային կառույցն ընդարձակել է Ռուսաստանում արգելված արտասահմանյան արտադրանքի ցանկը։ Երեկվանից արգելվել է գինեգործությամբ զբաղվող Delicato Family Vineyards, Geyser Peak Winery և Crane Lake Cellars կալիֆորնիական ընկերությունների արտադրանքի ներկումը։

«Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտարարել է, որ այդ ընկերությունների գինիներում հայտնաբերել է ֆթալաթթուներ և պեստիցիդներ։

Մեկնաբանները նշում են, որ «Ռոսպոտրեբնադզոր»-ը վնասակար բաղադրիչներ է գտնում միայն այն մթերքում, որն արտադրվել է Ռուսաստանի հետ դիվանագիտական և քաղաքական խնդիրներ ունեցող պետություններում։

Այդպես էր մերձբալթյան երեք երկրների, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի դեպքում։ Իսկ հիմա արգելվում է մթերքի ներկրումն այն պետություններից, որոնք Ուկրաինայի խնդրի կապակցությամբ տնտեսական պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի նկատմամբ։

Բայց ռուսական կողմը չի ասում, թե արգելում է ներկրումն ի պատասխան այս կամ այն երկրի պատժամիջոցի։ Բնավ ոչ, «Ռոսպոտրեբնադզոր»-ը ամեն անգամ գտնում է ինչ-որ վտանգավոր նյութեր։

Հենց այս օրերին Ռուսաստանի տարբեր քաղաքներում ոչնչացնում են մսամթերք, պանիր և այլ սնունդ։ Երեկվանից հերթը հասել է ամերիկյան ալկոհոլին։ Ճիշտ է, հարկ է նշել, որ թե՛ կալիֆորնիական գինիները, թե՛ խամոնն ու պարմեզանը շարքային, առավել ևս կարիքավոր ռուսաստանցիների համար ոչինչ չասող խոսքեր են, այդ մթերքն էժան չէ։ Բայց սագերի կոտորածը աղքատները չեն ողջունել։

Օգոստոսի 15-ի դրությամբ պատկան մարմիններն արդեն ոչնչացրել էին մոտ 600 տոննա սնունդ։ Առավել մեծ արձագանք է ստացել Թաթարստանում տեսագրված պատմությունը. Ապատովո գյուղի փոքրիկ խանութի սառնարանում տեսուչները հայտնաբերել են Հունգարիայից ներկրված երեք սառեցված սագ։ Դրանց դուրս են հանել, տարել են հատուկ տեղ, բուլդոզերով տրորել-ոչնչացրել են, այդ ամենը տեսագրել են, ինչը կառավարության պահանջն էր։

Այդպես օգոստոսի 6-ից սկսած բուլդոզերների տակ են գցում կամ հատուկ վառարաններում այրում են միրգ, բանջարեղեն, պանիր և այլ մթերք։ Ռուսաստանի սպառողների միությունը դիմել է Գերագույն դատարան, սակայն պատասխան չի ստացել։

Երեկ այդ հասարակական կազմակերպությունն արդեն հեգնական նամակով դիմել է վարչապետին, խնդրելով պարզաբանել, թե ինչ պետք է անի քաղաքացին սեփական սառնարանում արգելված ուտելիք տեսնելու դեպքում` դիմի ոստիկանությո՞ւն, և արդյոք վարչական կամ քրեական պատասխանատվության կենթարկվի՞ սանկցիոն սագ ուտելու և իրավապահներին այդ մասին չհայտնելու համար։

Այդ հեգնական նամակը, իհարկե, հուսահատության վկայություն է։ «Ռոսպոտրեբնադզոր»-ի պահանջով Սպառողների միության կայքէջն արգելափակվել է։

Այսօրվա դրությամբ ավելի քան 370 հազար ռուսաստանցի ստորագրել է սննդի ոչնչացումը դադարեցնելու խնդրանքով նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրված համացանցային դիմումը։ Մարդիկ առաջարկում են այդ «մահվան դատապարտված» ուտելիքը տրամադրել որբանոցներին, հիվանդանոցներին, ծերանոցներին և կարիքավորներին օգնող այլ հաստատությունների։

Բայց իշխանությունը մնում է անդրդվելի, սննդի «ամնիստիայի» որոշում դեռ չի ընդունում։

XS
SM
MD
LG