Մատչելիության հղումներ

Մարիուպոլը ծանր հրետակոծության է ենթարկվում


Բնակիչն իր տան փլատակների մոտ, Սարտանա գյուղ, Մարիուպոլի շրջան, 17 օգոստոսի, 2015թ.

Բնակիչն իր տան փլատակների մոտ, Սարտանա գյուղ, Մարիուպոլի շրջան, 17 օգոստոսի, 2015թ.

Կողմերն, ինչպես միշտ, միմյանց են մեղադրում հրադադարի խախտումների համար։

Ռազմավարական նշանակություն ունեցող Մարիուպոլ քաղաքի շուրջ մարտեր են ընթանում։ Բնակիչներն ասում են, որ անցած երեք ամիսների ընթացքում այսչափ ծանր վիճակ չի եղել։ Քաղաքը հրետակոծում են Մարիուպոլից արևելք գտնվող ռուս անջատականների դիրքերից։

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը երեկ նախազգուշացրել է, որ Ուկրաինայի արևելքում վերստին պայթյունավտանգ վիճակ է, և հորդորել է շտապ կարգով բանակցություններ անցկացնել ու կանխել է՛լ ավելի վտանգավոր զարգացումները։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, թե Մոսկվային խիստ մտահոգում են վերջին բախումները։ Դրանք, Լավրովի փոխանցմամբ, կարող են վկայել լայնածավալ նոր գրոհներ նախապատրաստելու՝ Կիևի մտադրության մասին։

Մարիուպոլի աշխարհագրական դիրքը չափազանց կարևոր է, քանի որ քաղաքը գտնվում է Ռուսաստանը, Արևելյան Ուկրաինայում ռուս անջատականների վերահսկողության տակ գտնվող տարածքներն ու բռնակցված Ղրիմը կապող ճանապարհին։ Փաստորեն, եթե անջատականները գրավեն Մարիուպոլը, ապա կբացվի Ռուսաստանից Ղրիմ տանող հուսալի ցամաքային ճանապարհ։

Բախումներ են նաև Դոնեցկի շուրջ։ Դոնեցկի ինքնահռչակ Ժողովրդական հանրապետության ներկայացուցիչները պնդում են, որ գրոհները ուկրաինական կողմն է սկսել։ Ուկրաինացիներն, իրենց հերթին, հայտարարում են, որ ընդամենը ստիպված են պատասխանել անջատականների հրետանու կրակին։

Ըստ ռուս անջատականների, ուկրաինական բանակը 77 անգամ է խախտել հրադադարը, իսկ Կիևի փոխանցմամբ, ռուս անջատականները 138 խախտում են կատարել։ Երկու կողմն էլ կորուստներ է կրել։

Մարիուպոլից հինգ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սարտանի գյուղի տներն ավերվել են, սպանվել են մի կին և մի տղամարդ: Տեղացիները գյուղում սուգ են հայտարարել։ Անջատականներն ասում են, որ ուկրաինական բանակի կրակից առնվազն 3 մարդ սպանվել է Դոնեցկից հյուսիս-արևելք գտնվող Հորլովկայում։ Անցած գիշերվա ընթացքում Արևելյան Ուկրաինայում սպանվել է ևս երկու բնակիչ, այսպիսով՝ զոհերի թիվն առնվազն 7 է։

Անջատականների փոխանցմամբ, ուկրաինական բանակը գիշերն է գործողություններ վարում, քանի այդ ժամերին ԵԱՀԿ-ի դիտորդների առաքելությունը զրկված է խախտումները գրանցելու հնարավորությունից։

Ուկրաինայի ղեկավարները հայտարարել են, թե Ռուսաստանը շարունակում է նոր ուժեր տեղակայել Ուկրաինայի սահմանի երկայնքով և զենք ու զինամթերք փոխանցել ռուս անջատականներին։ Ռուսները, ինչպես միշտ, հերքում են մեղադրանքը։

Այս տարվա փետրվարին Մինսկում խաղաղության համաձայնագրի կնքումից հետո իրավիճակը կայունացել էր, սակայն վերջին շրջանում նորից մարտեր են սկսվել։ Ըստ փորձագետների, Ուկրաինայի արևելքում անցյալ տարվա ապրիլից սկսված մարտերում զոհվել է մոտ 7 հազար մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG