Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյան․ «Մտահոգություն ունեն՝ թող առաջարկություններ անեն»


Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյան

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյան

«Ազատություն»-ը Ազգային ժողովի նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանի հետ զրուցել է սահմանադրական փոփոխությունների գործընթացի մասին․

«Ազատություն»․ - Չնայած Վենետիկի հանձնաժողովի դիտարկմանը՝ մեծամասնության ձևավորման նպատակով ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու գաղափարը մնաց սահմանադրական նախագծի նախնական տարբերակում: Ինչո՞ւ, դա այդքան կարևո՞ր է իշխանության համար:

Գալուստ Սահակյան․ - Վեճը հետևյալն է՝ Վենետիկի հանձնաժողովն ասում է՝ դա թողեք Ընտրական օրենսգրքին, իսկ մեր տեսակետը հետևյալն է՝ Ընտրական օրենսգիրքը անընդհատ փոփոխության ենթակա է, իսկ Սահմանադրությունը ավելի կայուն, էսպես, ռեժիմներ է սահմանում:

«Ազատություն»․ - Դա կարևո՞ր է Հանրապետականի համար, որ լինի Սահմանադրության մեջ:

Գալուստ Սահակյան․ - Կայուն քաղաքական մեծամասնությունը Հանրապետականի համար չէ, ամբողջ Սահմանադրությունը փոփոխվում է, որպեսզի հնարավոր բոլոր կոնֆլիկտները հնարավոր լինի լուծել հենց էն միջավայրում, քաղաքական միջավայրում, որը որ, փաստորեն, կերտում է երկրի քաղաքականությունը:

«Ազատություն»․ - Գուցե հրաժարվեք այդ դրույթից, կասկածներն էլ կվերանա, թե Հանրապետականը այդպիսով ուզում է հավերժացնել իր իշխանությունը:

Գալուստ Սահակյան․ - Գիտեք, մենք բավականին երկար ճանապարհ ենք անցել, և մեր քաղաքական պրոցեսները և մտահորիզոնը և սկզբունքները և գաղափարախոսությունը մեզ միշտ վճռական է պահում, ինչքան էլ որ փորձեն քարկոծել կամ քննադատել:

Մեր նկատմամբ վայրիվերո խոսակցությունները՝ դրանք ընդամենը նեղ կուսակցական շահարկումների հետևանք է և անհեթեթության աստիճանի վերագրումներ են կատարում մեզ: Դա երբեք չի փոխում մեր վճռականությունը, այն, ինչի մասին մենք մտածում ենք:

Իհարկե, եթե խնդիրը ձեր ասած խնդիրն է, դրա համար ժամանակ ունենք, կարող են առաջարկություններ անել, ավելի լավ մոդելներ գտնել:

Այսօր իմ տեսակետը հետևյալն է, որ խոսում են նրանք, ովքեր Սահմանադրությունը ընդհանրապես չեն կարդացել, այս նախագծերը չեն կարդում, պարզապես ասում են «ոչ» և իրենց «ոչ»-ի պոչից բռնած, մտածում են, որ բոլորը կասեն «ոչ»:

«Ազատություն»․ - Չէ, մտահոգություն ունեն հենց այդ դրույթի հետ կապված:

Գալուստ Սահակյան․ - Մտահոգություն ունեն՝ թող առաջարկություններ անեն:

«Ազատություն»․ - Հնարավոր է՝ ընդունվե՞ն այդ առաջարկությունները:

Գալուստ Սահակյան․ - Իհարկե, և՛ հիմա կարող են առաջարկություններ անել, և՛ Ազգային․․․

«Ազատություն»․ - Այսինքն, դա սկզբունքայի՞ն չէ ձեզ համար:

Գալուստ Սահակյան․ - Մեզ համար սկզբունքային է ամեն ինչը, բայց մենք ուզում ենք այնպիսի մոդել լինի, որ հավասարակշռված լինի և մատչելի լինի հասարակության համար:

Այն տեսակետները, որոնք բխում են նեղ կուսակցական շահերից, դրանք մեզ համար ընդունելի չեն, այն սկզբունքները, որոնք հասարակական շահերից են բխում, բնական է՝ մեզ համար քննարկելի է և ընդունելի:

«Ազատություն»․ - Հենց նույն ձևով ձեզ են հակադարձում՝ Հանրապետականին:

Գալուստ Սահակյան․ - Բայց արդեն որոշել են, որ քաղաքական մեծամասնությունը ինքը Հանրապետակա՞նն է լինելու:

«Ազատություն»․ - Դե, վտանգը տեսնում են:

Գալուստ Սահակյան․ - Այսինքն, ոչ թե վտանգը պիտի տեսնեն, այլ պիտի աշխատեն, որ իրենք լինեն:

«Ազատություն»․ - Ես ասեմ՝ ինչու վտանգը․ որովհետև կարծում են, որ «նախորդ ընտրությունների նման հաջորդն էլ է կեղծվելու»։

Գալուստ Սահակյան․ - Կեղծիքը էնպիսին է, որ միաբևեռ չէ. ես կարող եմ թվարկել կեղծիքի մակարդակները այսօրվա սրբերի աչքերով, տեսադաշտով և օրինակներ բերեմ, թե ինչ էին անում և ինչպիսի ողորմելի վիճակներ էին ստեղծում, որպեսզի որոշակիորեն մի քանի տոկոս ձայն ունենային, գային խորհրդարան։ Այնպես որ, կեղծիքները հոգեբանական երևույթ են, վերագրել որևէ կուսակցությանը՝ դա, կարծում եմ, սխալ է։

«Ազատություն»․ - Դառնանք ընդդիմությանը. միավորման փորձեր են անում՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացը իշխանափոխության վերածելու։

Գալուստ Սահակյան․ - Ասում են։ Բնականաբար, եթե ունենայինք էդպիսի ընդդիմություն, որը կկարողանար էդպես համախմբել, մենք կունենայինք նաև ուժեղ իշխանություն։ Մի առիթով, Ազգային ժողովում ասեցի, երբ ընդդիմությունը իրար հետ էր կռվում, ասեցի՝ «ձեր կռիվն իրար հետ պիտի չլինի, մե՛ր հետ պետք է լինի, հաշտ-համերաշխ եղեք»։ Սա այն ընդդիմությունը չէ, որ իր ամբիցիաները թողնի, ժամ առաջ որևիցե, էսպես, տիտուլավոր տեղ զբաղեցնելու համար նա պատրաստ է ամեն ինչ անել, բայց քանակի առումով, մտքի առումով, հասարակական պահանջի առումով՝ նման ընդդիմություն այսօր ես չեմ տեսնում, թեպետ տեսնում եմ շատ փորձառու, խորը ընդդիմադիր գործիչներ։

«Ազատություն»․ - Իսկ հասարակության կողմից իշխանության նկատմամբ այդքան ցասո՞ւմ էլ չեք տեսնում, որ ընդդիմության կանչով կկանգնի ոտքի։

Գալուստ Սահակյան․ - Այնպես չէ, որ մենք ունենք մի հասարակություն, և ինչ-որ քաղաքական գործիչ կամ թիմ ասում է՝ անցե՛ք էս կողմ, հետո էլ՝ էս կողմ, էդպես հասարակությունը գնում է։ Ինքը հասարակությունը իր շերտերն ունի, և ընտրություններն են լուծում, թե ով հաղթեց, ով պարտվեց, արդյոք հաղթեց, թե պարտվեց։

«Ազատություն»․ - Այսինքն, կարծում եք, որ գործընթացը հաջողություն չի՞ ունենա՝ ընդդիմության այս նախաձեռնությունը:

Գալուստ Սահակյան․ - Կունենա այնքանով, որ իրենք էլ որոշակիորեն դերակատարում կունենան քաղաքական դաշտում։ Իհարկե կունենան, և ես ուզո՛ւմ եմ, որ ունենան, և այս տարիների ընթացքում նաև աջակից եմ եղել և այսօր էլ եմ աջակից լինում ընդդիմությանը, որ տեղից շարժվեն։ Մեր վճռականությունը երբեք դրանից չի կարող տուժել։

XS
SM
MD
LG