Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետն ու ԱՄՆ-ի դեսպանն այցելել են Ամուլսար


Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության լրատվականի

Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության լրատվականի

Շաբաթ օրը Արարատի և Վայոց Ձորի մարզեր կատարած այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցել է Ամուլսարի ոսկու հանքավայր, որի հանքային իրավունքը պատկանում է «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության հայաստանյան մասնաճյուղը հանդիսացող «Գեոթիմ» ընկերությանը:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու ծրագրի իրականացման վայրում: Ընկերության հանքարդյունաբերական, բնապահպանական և սոցիալական թիմերը կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացրել ծրագրի ներկա փուլի, Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման ընթացքի, պլանավորվող ներդրումների և ծրագրի շինարարական ու գործառնական փուլում ստեղծվելիք աշխատատեղերի վերաբերյալ:

«Գեոթիմ» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը նշել է, որ սպասվող կապիտալ ներդրումների ծավալը կազմում է 426 միլիոն դոլար, ակնկալվող մուտքերը պետական բյուջե`մոտ 488 միլոն դոլար, աշխատատեղերի թիվը շինարարության ընթացքում` 1300, հանքի շահագործման ընթացքում՝ 770: Մինչ օրս իրականացրած սոցիալական զարգացման ծրագրերի մեջ ներդրվել է արդեն երկու միլիոն դոլար, միջազգային չափանիշներով Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման հետազոտության համար ծախսվել է հինգ միլիոն դոլար:

Ամուլսարում վարչապետին ուղեկցել են նաև Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը:

ԱՄՆ-ի դեսպանության փոխանցմամբ՝ Միլսն ասել է, որ այս հանքավայրի գործարկումը կարևոր տնտեսական հնարավորություն է Հայաստանի համար։ Նա նշել է, որ հավասարապես կարևոր է շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազագույնի հասցնելը: Դեսպանը հույս է հայտնել, որ «Լիդիան» ընկերության Ամուլսարի ծրագիրը կդառնա պատասխանատու հանքարդյունահանման օրինակելի ծրագիր, որը ցույց կտա, որ հնարավոր է ապահովել բնապահպանական ու տնտեսական շահերի հավասարակշռում:

Միլսը ողջունել է Հայաստանի կառավարության վերջերս կայացրած որոշումը «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը» (ԱՃԹՆ) անդամակցելու վերաբերյալ:

ԱՃԹՆ-ի հիմքում այն սկզբունքն է, որ հասարակությունը հնարավորություն ունենա տեսնել և վստահ լինի, որ երկրի բնական պաշարների արդյունահանումը ընթանում է լավագույն մեթոդների կիրառմամբ և հասույթի բաշխումն իրականացվում է պատշաճ ձևով:

«Միացյալ Նահանգները մեծապես արժևորում է խորացող տնտեսական կապերը Հայաստանի հետ և ողջունում է գործարար միջավայրի բարելավման հարցում Հայաստանի կառավարության ստանձնած հանձնառությունները», - ասել է ԱՄՆ-ի դեսպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG