Մատչելիության հղումներ

Աշոտյան․ «ԵՏՄ-ին անդամակցելով չենք դադարեցնում համագործակցությունը Եվրոպայի հետ»


Կրթության նախարար Արմեն Աշոտյանը մասնակցում է կրթական համագործակցության հարցերին նվիրված քննարկմանը, 15-ը օգոստոսի, 2015թ․

Կրթության նախարար Արմեն Աշոտյանը մասնակցում է կրթական համագործակցության հարցերին նվիրված քննարկմանը, 15-ը օգոստոսի, 2015թ․

Որոշ փորձագետներ, մինչդեռ, մտավախություն ունեն, թե Հայաստանը կարող է շրջադարձ կատարել դեպի ռուսական կրթական մոդել:

Կրթության նախարար Արմեն Աշոտյանի հավաստմամբ, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը չի նշանակում, որ վերջակետ է դրվելու եվրոպական կրթական տարբեր ծրագրերին Հայաստանի մասնակցությանը: Նախարարի խոսքով, Հայաստանը պարզապես կրթության ոլորտում փորձելու է սերտ կապեր հաստատել նաև ԵՏՄ անդամ երկրների հետ:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում այսօր կազմակերպված քննարկման ժամանակ Աշոտյանը, մասնավորապես, նշեց․ - «Բոլոնիայի սկզբունքների մեջ այս պահի դրությամբ չկա ավտոմատ ճանաչման սկզբունք, եվրոպական երկրները պատրաստ չեն ավտոմատ կերպով ճանաչել միմյանց դիպլոմները։ Եվրասիական մոդելի պարագայում մենք մի քայլ առաջ գնացինք․ այս չորս երկրները ավտոմատ կերպով ճանաչում են իրենց հիմնական որակավորումները։

Հայաստանը շահագրգիռ և պատրաստակամ է աշխատել Եվրասիական միության անդամ երկրների հետ կրթական նախագծերով։ Ավելին ասեմ՝ այս պահի դրությամբ առանձին կրթական նախագիծ եվրասիական տարածքում գոյություն չունի, բայց մենք ինքներս ենք պատրաստ ներգրավվել այդ նախագծի մշակման մեջ»։

Ոլորտի փորձագետները, մինչդեռ, մտավախություն ունեն, որ Կրեմլի նախաձեռնած դաշինքին անդամակցելուց հետո Հայաստանը շրջադարձ կկատարի դեպի ռուսական կրթական մոդել: Եվ դա այն դեպքում, երբ արդեն տասը տարի աշխատում է կրթական ծրագրերը եվրոպականին համապատասխանեցնելու ուղղությամբ։

«Եթե մենք խոսում ենք բոլոնյան համակարգի մասին, ակնհայտ է, որ այստեղ որքան էլ կան ուղենիշներ, ուղեցույցներ, այնուամենայնիվ, կա հսկայական ավտոնոմիա, ինքնավարություն, այնինչ եթե մենք նայում ենք ռուսական մոդելին, նրանք նույնիսկ դեռ որակավորումների ազգային շրջանակ չունեն։ Նախատեսված էր 2007 թվականին առաջին տարբերակը, որը ավարտին չի հասցվել»,- մտահոգություն է հայտնում Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանի դասախոս Քրիստինե Սողիկյանը։

Մինչդեռ, նախարար Աշոտյանի կարծիքով, ԵՏՄ նոր կրթական նախագիծը պետք է հիմնվի հենց եվրոպական փորձի վրա։ «Կարող են լինել եվրասիական ուսանողական փոխանակման ծրագրեր, կարող են լինել եվրասիական համալսարանական գրանտային ծրագրեր, կարող են լինել եվրասիական դասախոսական փոխանակման ծրագրեր։ Այն ամենը, ինչ ունի բոլոնյան համակարգն իր մեջ, կարելի է օգտագործել և դարձնել քառակողմ համագործակցության առարկա», - ասում է նախարարը։

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը փաստում է, որ եվրոպական չափանիշներին համապատասխան կրթություն ունենալու համար անհրաժեշտ է սկսել հանրակրթությունից։ Նրա կարծիքով, սակայն, դա հնարավոր չէ իրականացնել Հայաստանում կրթության ցածր ֆինանսավորման պայմաններում։ «2011-15 թվականների կրթության զարգացման ծրագրում հաշվարկված էր, որ ՀՆԱ-ի չորս տոկոսը պետք է տրվի կրթությանը, մինչդեռ հատկացումներ արվում են 2.5 տոկոսի չափով»,- ասում է Անահիտ Բախշյանը։

Նախարարը հակադարձում է՝ քաղաքական կամք կա, սակայն ֆինանսական միջոցներ չկան: «Ասեք, էդ մեկուկեսը ո՞ր ոլորտից պետք է գա՝ պաշտպանությունի՞ց, սոցապի՞ց, առողջապահությունի՞ց, որտեղի՞ց»,- հարց է տալիս Աշոտյանը։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հետազոտական ծրագրերի ղեկավար Ստյոպա Սաֆարյանին էլ հետաքրքրում է՝ արդյոք փորձ չի՞ արվելու վերադառնալ 10-ամյա կրթական համակարգին և ոլորտում ետ բերել խորհրդային ժամանակները, քանի որ Սահմանադրության նախորդ նախագծում նման դրույթ ներառված էր։

«Անկախ բոլոր պրոբլեմներից, որոնք գոյություն ունեն այդ համակարգում, հատկապես ավագ դպրոցի աստիճանում, մենք չենք նախատեսում հետդարձ, մենք չենք անցնելու այլ ստանդարտների՝ լինեն դրանք եվրասիական երկրներում տարածված, թե ոչ»,- պարզաբանում է Արմեն Աշոտյանը։

XS
SM
MD
LG