Մատչելիության հղումներ

«Ժառանգության» և ՀԿ-ի երիտասարդները ծեծկռտուքի հետ կապված փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում


«Ժառանգության» անդամ Հովսեփ Ղազարյանը հիվանդանոցում, 14-ը օգոստոսի, 2015թ․

«Ժառանգության» անդամ Հովսեփ Ղազարյանը հիվանդանոցում, 14-ը օգոստոսի, 2015թ․

Մինչդեռ միջադեպի փաստով հարուցված քրգործում առայժմ կոնկրետ կասկածյալների կամ մեղադրյալների անուններ չեն նշվում:

«Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության անդամների և «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների միջև նախօրեին տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով։

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի փոխանցմամբ, քրեական գործով առայժմ կոնկրետ մեղադրյալներ կամ կասկածյալներ չեն անցնում, քննությունը շարունակվում է։

Իսկ մինչ այդ, միջադեպի մասնակից կողմերը հեռակա կարգով փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում միմյանց հասցեին։ ՔԳ անդամ Նարեկ Սամսոնյանի պնդմամբ, ինքը հարցազրույցներից մեկում կուսակցություններին աղբ էր անվանել, ինչը դուր չի եկել «Ժառանգության» ներկայացուցիչ Հովսեփ Ղազարյանին: Վերջինս էլ, ըստ Սամսոնյանի, իր կուսակիցների հետ եկել է կազմակերպության գրասենյակ ու հարձակվել իրենց վրա։

«7 հոգով եկան գրասենյակ, իրենց լկտի պահեցին, սադրեցին մինչև վերջ, իմ այն կոչերին, որ այստեղ աղջիկներ կան, այստեղ մարդիկ կան, չի կարելի, չլսեցին, ինձ Հովսեփը առաջինը հարվածեց, հենց այս աչքիս տակին, որից հետո իր հետ եկած բոլոր երիտասարդները սկսեցին ամբողջ ուժով հարվածել այդ պահին այնտեղ գտնվող մեր անդամներին»,- պատմում է Սամսոնյանը:

Մինչդեռ հիվանդանոց տեղափոխված՝ «Ժառանգության» անդամ Հովսեփ Ղազարյանը, ով դեմքի շրջանում գազային ատրճանակից կրակոց է ստացել և գլխի պատռվածք ունի, պնդում է՝ գրասենյակ գնալուց առաջ մի քանի անգամ հեռախոսով զրուցել է Նարեկի հետ, նրան սրճարան հրավիրել, իսկ մերժում ստանալուց հետո Նարեկի հրավերով այցելել է «Քաղաքացիական գիտակցության» գրասենյակ, ընդ որում՝ ոչ թե 7, այլ 5 հոգով։

Հովսեփ Ղազարյան․ - «Անմիջապես, մի բառ էլ դեռ չէինք հասցրել խոսել, հարձակվեցին մեզ վրա, առաջինը Նարեկը զենքով կրակեց դեմքիս»:

Նարեկ Սամսոնյանն այլ կերպ է ներկայացնում կատարվածը․ - «Պահունակը դրեցի զենքիս մեջ, լիցքավորեցի, հետո ես էլ հայհոյեցի, ասեցի՝ էս ի՞նչ եք անում, էստեղ աղջիկներ կան, այսինքն ոնց որ օրենքով նախատեսված ա, առաջին անգամ օդ կրակելուց հետո Հովսեփը հարձակվեց, ինձ գրկեց, սկսեց զենքս քաշել, ընթացքում ևս մի քանի անգամ կրակվեց, ոչ թե ես կրակեցի, իսկ էդ ընթացքում մեր տղաները դաժան ծեծի էին ենթարկվում»:

Հովսեփ Ղազարյանը պնդում է, թե իրենք 5 հոգով են եղել, «իսկ նրանք՝ 15»: Սամսոնյանը հակադարձում է՝ երեք հոգով են եղել, հետո աղմուկի վրա ևս չորսը մոտեցել են:

Հովսեփ Ղազարյանի հետ երեկ հիվանդանդանոց էր տեղափոխվել նաև միջադեպի մասնակից, «Ժառանգության» մեկ այլ անդամ Սևադա Ղազարյանը: Բժիշկները նրա մոտ քթի կոտրվածք են ախտորոշել։

«Քաղաքացիական գիտակցության» անդամ Նարեկ Սամսոնյանի խոսքով, բացի իրենից տուժել են նաև կազմակերպության այլ անդամներ, ինչպես նաև գրասենյակի գույքն է որոշ չափով վնասվել։

XS
SM
MD
LG