Մատչելիության հղումներ

«Քամփ Արմեն» հայկական ճամբարում հերթապահող երկու երիտասարդ ծեծի է ենթարկվել


Հայկական որբանոց Թուրքիայում, 1916թ․

Հայկական որբանոց Թուրքիայում, 1916թ․

Ճամբարը վերադարձնելու համար պայքարող երիտասարդներն ասում են, որ ամենայն հավանականությամբ, դա «ազգայնական խմբերի ձեռքի գործն է»:

Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող «Քամփ Արմեն» հայկական որբանոց-ճամբարը վերադարձնելու համար պայքարող մի խումբ երիտասարդներ արդեն 100 օր է կիսաքանդ ճամբարում, ««Քամփ Արմեն»-ի համար դիմադրություն» կարգախոսով, շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, որպես բողոքի-ակցիա:

Ermenihaber.am-ի փոխանցմամբ, նախօրեին՝ գիշերը ժամը 23:30-ի սահմաններում, անհայտ անձինք մահակներով հարձակվել են ճամբարի տարածքում հերթապահող երիտասարդների վրա և ծեծի ենթարկել նրանց:

«Քամփ Արմեն»-ի համար դիմադրության» մասնակիցներից Արև Միրաքյանը, Ermenihaber.am-ի հետ զրույցում պատմել է, որ երկու մեքենայով ութ անհայտ անձինք, նախօրեին մտնելով Թուզլա, անցորդներին հարցրել են, թե որտեղ է գտնվում «Քամփ Արմեն»-ը, ապա գալով ճամբարի մոտ՝ դուրս են եկել մեքենաներից ու մահակներով ծեծի ենթարկել այնտեղ հերթապահություն իրականացնող երկու երիտասարդի:

Միրաքյանը ասել է, թե առաջին անգամ չէ, որ ճամբարի և դիմադրության մասնակիցների վրա հարձակում է տեղի ունենում: «Նմանատիպ միջադեպեր նախկինում էլ են եղել: Օրինակ՝ սրանից 2-3 օր առաջ երկու հոգի եկան ճամբար, քարեր նետեցին ճամբարի վրա ու փախան: Մի անգամ էլ պատռել էին ճամբարի մուտքին փակցված հայալեզու պաստառը, տեղը Թուրքիայի դրոշը կախել ու հեռացել», - պատմել է նա:

Ermenihaber.am-ի հարցին՝ ճամբարի դիմադրության մասնակիցները գիտե՞ն, թե ովքեր են նման հարձակումների հեղինակները, Միրաքյանը պատասխանել է, որ իրենք հստակ տեղեկություն չունեն՝ նշելով, որ «ամենայն հավանականությամբ՝ դա ազգայնական խմբերի ձեռքի գործն է»:

Ակցիայի մասնակիցը տեղեկացրել է, որ երեկվա միջադեպի առնչությամբ իրենք դիմել են ոստիկանություն և պատրաստվում են իրավական այլ քայլերի ևս դիմել, վստահեցնելով, որ նմանատիպ միջադեպերը չեն կարող կոտրել իրենց դիմադրության ոգին, և իրենք շարունակելու են պայքարել ճամբարը վերադարձնելու համար:

Ermenihaber.am-ը նշում է, որ «Քամփ Արմեն» հայկական ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող լքյալ ու կիսաքանդ մի շինություն է: Այն ժամանակին եղել է չքավոր ու որբ հայ երեխաների ամառային ճամբարը: Հայտնի է, որ այստեղ են մեծացել նաև 2007 թվականին Թուրքիայում սպանված հայտնի հայ լրագրող Հրանտ Դինքը և նրա կինը՝ Ռաքել Դինքը: Հետագայում ճամբարը թուրքական իշխանությունների կողմից ապօրինաբար խլվել է հայ համայնքի ձեռքից:

2015 թվականի մայիսի 6-ի առավոտյան ճամբարի ներկայիս սեփականատիրոջ նախաձեռնությամբ սկսվել էր ճամբար-մանկատան ապամոնտաժումը, սակայն կարճ ժամանակ անց Թուրքիայի հայկական համայնքի սկսած բողոքի լայնածավալ միջոցառումների շնորհիվ հնարավոր եղավ ժամանակավորապես դադարեցնել շինության ապամոնտաժումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG