Մատչելիության հղումներ

Ուկրաինայում արձանագրում են առաջին «սև օրը» Մինսկի համաձայնագրի ստորագրումից ի վեր


Ուկրաինական պաշտոնական մարմիններն արձանագրում են՝ միայն Դոնեցկում երեկ տեղի է ունեցել փետրվարին Մինսկում կնքված հրադադարի խախտման 152 դեպք: Ուկրաինական կողմը պնդում է, որ անջատականները «Գրադ» հրթիռային կայանք են կիրառել:

Իրավիճակն առավել լարված է Մարիուպոլի և Արտեմովսկի տարածքներում:

Անջատականները հակադարձում են, թե ուկրաինական բանակն է կրակոցներ արձակում Դոնեցկում, Հորլիվկայում:

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի տվյալներով, 2 ուկրաինացի զինծառայող սպանվել է, 10-ը՝ վիրավորվել:

Խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ օգոստոսի 12-ը Մինսկի համաձայնագրի ստորագրումից ի վեր առաջին «սև օրն էր»: Նրա պնդմամբ, ռուսամետ անջատականների կողմից ծանր զինտեխնիկայի կենտրոնացման, ռազմական գործողությունների ակտիվացման փաստերը վկայում են հակառակորդի հարձակողական մտադրությունների մասին: Տուրչինովը նշել է, որ նման փորձեր եղել են, մասնավորապես, Մարյինկայում: Նա ասել է, որ շուրջօրյա կրակոցները շարունակվում են Ավդեևկա, Պեսկով և Վոդյանովո բնակավայրերում: Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարը նաև տեղեկացրել է, որ նոր զինամթերքի, տեխնիկայի շնորհիվ հնարավոր կլինի ձևավորել հակաահաբեկչական նոր ստորաբաժանում՝ «ակտիվ պաշտպանության նպատակով»: Ապա ավելացրել՝ ստորաբաժանումը պատրաստ կլինի դիմակայել ցանկացած հարձակման և դիմել համապատասխան գործողությունների:

Նախօրեին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆալոնը Կիևին խոստացել է շարունակել աջակցությունը ռուսամետ անջատականների դեմ պայքարում:

«Մեծ Բրիտանիան Ուկրաինայի դաշնակիցն է, Ուկրաինայի ժողովրդավարությունը դիմակայում է Ռուսաստանի աջակցությունը վայելող ահաբեկչությանը: Ուկրաինան ունի դաշնակիցների աջակցությունը», - հայտարարել է Մարկ Ֆալոնը և շեշտել, որ Արևմուտքը չպետք է մոռանա Ուկրաինայի արևելքում շարունակվող հակամարտության մասին:

«Երկու կողմերը մեզ տեղեկացնում են, որ շփման գծի երկայնքով կիրառվում է ծանր տեխնիկա», - Կիևում լրագրողների հետ հանդիպմանը այսօր հայտարարել է Ուկրաինայի արևելքում իրավիճակին հետևող ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Հագը: «Հազարավոր ուկրաինացիներ՝ շփման գծի երկու կողմում, զրկանքներ են կրում ջրի, էլեկտրականության, գազի բացակայության պայմաններում», - ավելացրել է նա:

Դիտորդական առաքելության ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ, Լուգանսկի ինքնահռչակ ինքնավար հանրապետության ներկայացուցիչները սահմանափակել են դիտորդների տեղաշարժը ռուս-ուկրաինական սահմանին:

«Լուգանսկի շրջանում այդ խմբի անդամներն արգելում են մեր դիտարկումները», - դժգոհել է դիտորդական մանդատ ունեցող Հագը:

Ըստ դիտորդական առաքելության ներկայացուցչի, ռազմական գործողություններն առավել ակտիվ են ուկրաինական բանակի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերում՝ Մարյինկայում, Կրասնոհորիվկայում, Ավդեևկայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG