Մատչելիության հղումներ

Ռուսաստանի սպառողների միությունն ընդդեմ Պուտինի


Ռուսաստանի սպառողների միությունը դիմել է Գերագույն դատարան՝ վիճարկելով Եվրամիությունից ներկրված ապրանքները օգոստոսի 6-ից ոչնչացնելու վերաբերյալ նախագահ Վլադիմիր Պուտինի հուլիսի 29-ի հրամանագիրը:

Սպառողների միությունը, նկատի ունենալով ռուսական դատական համակարգի առանձնահատկությունները, հույս է հայտնել, որ դատարանը կառաջնորդվի բանականությամբ ու օրենքներով և ոչ թե «քաղաքական նպատակահարմարությամբ»:

Հայցվոր կողմը պնդում է, որ որակյալ ու անվտանգ գյուղմթերքները չեն կարող սպառնալիք հանդիսանալ Ռուսաստանի պարենային անվտանգությանը՝ անկախ նրանից, թե այդ ապրանքները որ երկրից են ներկրում: Հայցի հեղինակները կարծիք են հայտնում, որ ոչնչացնել պետք է միայն վտանգավոր կամ անորակ ապրանքը:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որի հեղինակներն առաջարկում են Եվրամիությունից ներկրված ապրանքները ոչ թե ոչնչացնել, այլ բաժանել անապահովներին, նաև՝ Դոնբասի բնակիչներին:

Անուշահոտ դեղձը՝ աղբավայրում

Current Time-ի տեսախցիկը Եվրամիությունից ներկրված ապրանքների ոչնչացման տարածքում՝ Սմոլենսկի մարզի Գուսինո գյուղից ոչ հեռու, աղբավայրում արձանագրել է դեռևս թարմ դեղձ՝ տասնյակ տոննաներ:

Եվրամիությունից ներկրված, Պուտինի հրամանագրի համաձայն ոչնչացման ենթակա, սակայն դեռևս ամբողջական մնացած անուշահոտ դեղձի նկատմամբ հարակից գյուղերի բնակիչների վերաբերմունքն անթաքույց է: «Շատ լավն էին․․․ դեղձերը», - գնահատում է թոշակառու կինը:

Գյուղացիներն ափսոսանքով են պատմում անուշահոտ դեղձը երեք մեծ մեքենայով աղբավայր տեղափոխելու՝ ռուսական իշխանությունների կատարածուների գործողությունների մասին: Անգամ ոստիկանության ու դատախազության ներկայացուցիչներն են հսկել, որ հանկարծ մարդիկ չտանեն այդ միրգը: Աղբավայրում հսկողություն իրականացնող կինը վկայում է՝ նույնիսկ առաջարկել է դատախազին՝ «տվեք ծերանոցներին, հաշմանդամ երեխաներին, ասացին՝ արգելված է»:

Ռուսական գյուղի տղամարդիկ տնական օղի են թորում Եվրամիությունից ներկրված ու ոչնչացման դատապարտված դեղձից, մյուսները չեն խորշում՝ գալիս տանում են առայժմ չվնասված դեղձը:

Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության տվյալներով, Պուտինի հրամանագրի՝ ուժի մեջ մտնելուց հետո անցած մեկ շաբաթում Ռուսաստանում ոչնչացրել են 500 տոննա սնունդ:

«Մարդկանց կյանքը վատացավ»

Մասնագետներին զարմացնում է տնտեսական անկում «ապահովող» Ռուսաստանի ղեկավարության գործելակերպը:

Ռուսաստանի «Գյուղատնտեսական ներդրումներ» կազմակերպության տնօրեն Պավել Գրուդինինը վկայակոչում է պաշտոնական տվյալները, ըստ որոնց՝ անցած տարվա համեմատ նկատելիորեն նվազել են նաև ներկրումները Թուրքիայից, Բրազիլիայից, Չինաստանից, Արգենտինայից: «Մինչդեռ այնքան խոսակցություններ կային, թե կհայտնվեն նոր ներկրողներ, հները կավելացնեն շրջանառությունը», - նշում է Գրուդնինը:

Ըստ տնտեսագետի՝ գլխավոր պատժամիջոցը դոլարի բարձր փոխարժեքն է: Ներդրողները կտրուկ կրճատեցին սննդամթերքի հոսքը, և որպես հետևանք՝ կտրուկ բարձրացան տեղական ապրանքների գները, մարդկանց կյանքը վատացավ:

XS
SM
MD
LG